3 րոպեի ընթերցում
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրոդի և ևս 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Գիտեք, որ դատական նիստերի սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի և ինքնաբացակի հայցը, դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց»,- նշեց Զոհրաբյանը։
Դատավորը որպես ինքնաբացարկի հիմք է ներկայացրել այն հանգամանքը, որ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է հենց Արա Զոհրաբյանից, որն այդ ժամանակ եղել է Փաստաբանների պալատի նախագահը։
«Նա փաստաբան է եղել և նրա փաստաբանական արտոնագիրը ես եմ հանձնել, իմ անձնական կարծիքով դա ինքնաբացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,- մանրամասնել է Արա Զոհրաբյանը։
Նա հավելել է, որ քրեական գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի, որը կրկին նիստ է հրավիրելու, և, եթե ինքնաբացարկի, բացարկի հիմքեր չլինեն, գործը քննվելու է։
Գարեգին Բ կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։ Քրեական վարույթի հիմքում դրվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությունը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանում վիճարկել էր իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը։ Հունվարի 17-ին դատարանը որոշում էր կայացրել վերականգնել նրան Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք չեն կատարել դատարանի վճիռը։
Նույն վարույթի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին։