Իմ առաքելությունը մարդկանց մեջ լույսը գտնելն է. բանաստեղծ Բեգլար Չրաղյանն ընթերցողներին է ներկայացրել իր հինգերորդ ժողովածուն
5 րոպեի ընթերցում
Ջավախքցի երիտասարդ պոետ Բեգլար Չրաղյանին ոգեշնչում են սերը, հայրենիքը, Աստված, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությունը։ Գրել սկսել է փոքրուց՝ փորձելով իր խոհերը հանձնել թղթին։ Չնայած հետագայում ծրագրավորողի մասնագիտությունն է ընտրել, շարունակում է ստեղծագործել։ Օրերս նա լույս է ընծայել իր հինգերորդ գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում։
«Քաոսից՝ լույս» բանաստեղծությունների ժողովածուում ներառվել է գրեթե հարյուր ստեղծագործություն՝ ծնված վերջին տարիներին։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բեգլարը հիշում է՝ տասը կամ տասնմեկ տարեկանում է գրել առաջին բանաստեղծությունը, որը մինչ օրս պահպանել է։
«Դեռ մանկուց զգում էի, որ հետաքրքրություններով տարբերվում եմ դասընկերներիցս, միջավայրից և իմ գաղափարները սկսեցի թերթին նվիրել։ Այդ ամենը հիմք դարձավ, որ կարողանամ գրել, իսկ Երևան գալը հնարավորություն տվեց ավելի զարգացնել իմ բանաստեղծական ուղին»,-ասում է նա։
Բեգլարն իր առաջին բանաստեղծությունը գիշերն է գրել։ Փորձել է երկխոսել լուսնի հետ և գանգատվել, թե ինչու է ինքը տարբերվում շատերից, թե ինչու է այդպիսին։ Հետո պոեզիայի միջոցով հաճախ է անդրադարձել սիրո թեմային։ «Դեռ սիրահարված չէի, բայց անպատասխան սիրո մասին բանաստեղծություն էի գրել, իսկ հետագայում ապրեցի այդ զգացողությունները։ Դա շատ հետաքրքիր էր։ Ունեմ նաև փիլիսոփայական և հոգեբանական թեմաներով գործեր։ Իմ ժողովածուներից մեկում անդրադառնում եմ նաև հայրենիքին, իսկ հորս վաղաժամ մահից հետո՝ ծնողներին, բայց հիմնական թեման մնում է սերը»,-նշում է պոետը։
Նրա համար պոեզիան ոչ միայն զգացմունքներն արտահայտելու, այլև կյանքում իր ճանապարհը գտնելու և մարդկանց օգտակար լինելու հնարավորություն է։
Բեգլարի խոսքով՝ «Քաոսից՝ լույս» գիրքը հոգևոր և նյութական աշխարհների մասին է։
Գրքի կազմի վրա գրված է. «Կյանքի ճանապարհը (լավ, թե վատ) միշտ էլ մարդուն ուղեկցում է դեպի մի կետ, որը կոչվում է քաոս։ Երանի այն մարդուն, որն այդ քաոսին կհաղթի աստվածային լույսով, քանզի կյանքի լիությունն ու երջանկությունը այն ճանապարհի վրա են, որտեղ կա Աստծո ներկայությունը։ Ամեն բան Աստծով, սիրով և հույսով...»։
«Ըստ իս՝ ամեն մարդու մեջ կա քաոս։ Իմ առաքելությունը, որով նաև ապագայում եմ առաջնորդվելու, մարդկանց մեջ հոգևոր լույսը գտնելն է, որով կկարողանան հաղթել քաոսին, որովհետև նյութական և հոգևոր պատերազմը հարատև է։ Նյութական աշխարհում ենք ապրում, բայց պետք է հասկանանք, թե որն է առաջնայինը, որն է երկրորդականը»,-հավաստիացնում է նա։
Բեգլար Չրաղյանը սովորել է Ջավախքում, այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ շարունակել է կրթությունը։ Այժմ աշխատում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում որպես ծրագրավորող և շարունակում է կրթությանն առցանց ձևաչափով։
«Մտերիմներս զարմանում են, որ շարունակում եմ գրել, որովհետև մասնագիտությամբ ծրագրավորող եմ և աշխատում եմ այդ բնագավառում, նաև ակտիվ զբաղվում եմ լեռնագնացությամբ, սպորտով, և այդ ամենը կարողանում եմ համատեղել, ու դա չի խանգարում պոեզիային, այլ օգնում է։ Կուզեի, որ ինձ ճանաչեին ոչ թե որպես ծրագրավորողի, այլ բանաստեղծի։ Առաջ, գուցե, այդպես չմտածեի, բայց որքան հասունանում եմ, հասկանում եմ, որ իմ գլխավոր առաքելությունը պոեզիան է, տեսնում եմ, որ դա շնորհ է, որն Աստված է տվել, և այն ինձ համար առաջնային է»,-ընդգծում է Չրաղյանը։
Մինչ «Քաոսից՝ լույս» գիրքը Բեգլարն ընթերցողներին է ներկայացրել «Հոգուս աչքերը», «Թաքնված կարոտ», «Կրկնվող սիրո նոյեմբեր», «Քանդված կանթող» ժողովածուները։
«Քաոսից՝ լույս» գրքի խմբագիրը Տիրուհի Նազարեթյանն է, որին Բեգլարն անսահման շնորհակալ է իրեն աջակցելու համար։ Կարծում է՝ Նազարեթյանն ու իր թիմն արել են ավելին, քան կարող էին։
Բեգլարն այժմ ապրում է Ջավախքում, սակայն շատ հաճախ է գալիս Երևան, քանի որ այն իրեն ոգեշնչում է, ստեղծագործելու նոր նյութ տալիս։
«Երևանում անցկացրած երկու օրվա ընթացքում ավելի շատ կարող եմ ստեղծագործել, քան մի ամսվա ընթացքում Ջավախքում։ Ես պետք է լինեմ կյանքի մեջ, պետք է լինեմ մարդկանց մեջ, պետք է մարդկանց հետ շփվեմ, նրանց դժվարությունները տեսնեմ, նրանց քաոսը հասկանամ, որպեսզի կարողանամ լուսավորել այդ ամենը»,-եզրափակում է երիտասարդ բանաստեղծը։