ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ
2 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության շրջանակներում մարզի համայնքներում իրականացնում են «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» (ԽՀԿՏԿԽ) ծրագիրը, որը միտված է ընդլայնելու տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ կայուն լուծումներով։
Ծրագիրն ուղղված է տեղահանված և մարզի համայնքներում վերաբնակություն հաստատած տնտեսությունների և խոցելի խմբերի ինտեգրմանը՝ նպաստելով ընտանիքների և տեղական տնտեսությունների բարեկեցության ապահովմանը։
Ծրագրի շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ համայնքներին նվիրաբերվել է 75 ձիաուժ հզորության «TAVOL 754» մակնիշի 1-ական մինի տրակտոր՝ տարբեր գործողությունների համար նախատեսված կցորդիչներով։ Նախորդ տարի նման տեխնիկա նվիրաբերվել է նաև Վարդենիս համայնքին։
«Համայնքներում նշված տեխնիկաների շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսական, բնապահպանական բնույթի աշխատանքներ, որոնք կնպաստեն շրջապատի սանիտարական վիճակի բարելավմանը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։