Ռուսաստան

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ

Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 605 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Զանգվածային հարձակման է ենթարկվել Յարոսլավլի մարզը, որտեղ խոցվել է 93 ԱԹՍ: Ըստ նահանգապետ Միխայիլ Եվրաևի՝ բեկորների ընկնելու հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Չորս մարդ վիրավորվել է: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածը, նաև հայտնել Բաշկորտոստանում մեկ այլ նավթավերամշակման գործարանի հարվածելու մասին:

Ըստ տեղի իշխանությունների՝ ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ների հարվածներից 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Տվերի մարզում թեթև վնասվել է Wildberries-ի լոգիստիկ համալիրը: Նիժեգորոդսկի մարզում կա 4 վիրավոր:

Իսկ ռուսական ուժերն, ըստ BBC-ի ռուսական ծառայության, Խարկովի մարզի Լոզովայա քաղաքում թիրախավորել են երկաթուղային կայարան. կա 2 զոհ, 8 վիրավոր: Եվս 3 մարդ զոհվել է Խարկովի մարզի Բալակլեա քաղաքում: Մեկ տասնյակից ավելի վիրավոր կա Սումիում:

Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ Սև ծովում թիրախավորվել է Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող բեռնանավ, որն ուկրաինական ցորեն էր տեղափոխում: 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ գործընկերների կողմից մատակարարվող ՀՕՊ համակարգերի հրթիռների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է երեք անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում