ԵՄ անդամ երկրները դժվար երկընտրանքի առաջ են կանգնած ապօրինի միգրանտներիր հարցով. քաղաքագետի վերլուծությունը
9 րոպեի ընթերցում
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ միգրացիան միշտ եղել ու հիմա էլ շատ լուրջ խնդիր է Եվրամիության համար, քանզի ԵՄ-ն այն տարածքն է, որտեղ ապրում է մոլորակի բնակչության, պայմանականորեն ասված, «ոսկե միլիարդի» մի մասը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Ստեփանյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսի՞ մարտահրավեր է դարձել միգրացիոն հիմնախնդիրը Եվրամիության համար և հաջողվու՞մ է արդյոք ԵՄ ղեկավարությանը լուծել բարդագույն այդ խնդիրներից մեկը։
«Եվրոպական երկրներն ունեն բարոյական պարտավորվածություններ իրենց նախկին գաղութների նկատմամբ։ Օրինակ՝ Ֆրանսիան Ալժիրի, Թունիսի նկատմամբ, և այդպես շարունակ։ Ամենամեծ մարտահրավերն այն է, որ եթե ԵՄ-ն փոխում է իր քաղաքականությունն ու հրաժարվում միգրանտներին ընդունելուց, ապա դրանով իսկ հարվածում է իր սեփական լիբերալ-ազատական արժեքներին, որովհետև Եվրոպական հասարակությունը կառուցված է ազատականության գաղափարախոսության վրա։ Այս պահին ԵՄ երկրները կանգնած են շատ դժվար երկընտրանքի առջև՝ հրաժարվել եվրոպական լիբերալիզմի հիմնարար արժեքից կամ շարունակել գնալ նույն ճանապարհով, հետևապես ընդունել միգրանտներին։ Սա լուրջ խնդիր է, որի պատասխանը կտան հենց իրենք՝ եվրոպացիները։ Այստեղ պատրաստի դեղատոմսեր չկան»,- ասաց քաղաքագետը։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ Մարոկկոյում գտնվող իսպանական անկլավի՝ Սեուտայի տարածքում ստեղծված իրավիճակը հերթական մարտահրավերի արտացոլումն է։
«Այդուհանդերձ, Եվրոպան չի կարող հրաժարվել Ասիայից կամ Աֆրիկայից եկող միգրանտներին ընդունելուց, որովհետև ունի նաև դեմոգրաֆիական խնդիր։ Եվրոպական հասարակությունը, ինչպեսև ցանկացած զարգացած հասարակություն, ծերանում է։ Նրանց պետք են աշխատող ձեռքեր, և այլ ճանապարհ, քան այդ աշխատուժը ստանալ միգրանտներին ընդունելով, գոյություն չունի։ Այստեղ ևս կա խնդիր, որը նույնպես պետք է լուծվի։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան այս պահին աշխատուժի խնդիրը լուծում է հիմնականում միգրանտների միջոցով։ Կարծում եմ, որ այս երկու առանցքային մարտահրավերներն են, որոնցից երկրորդը՝ աշխատուժը, իր մեջ պարունակում է նաև հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի կարծիքով՝ ԵՄ-ին հաջողվում է որոշ չափով, իհարկե, ոչ հարյուր տոկոսով, լուծել անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրը, բայց դա, նրա գնահատմամբ, ամենևին էլ հեշտ գործ չէ։
«Շատ դեպքերում անօրինական հոսքերն ու տեղաշարժերը կանխվում են, բայց շատ դեպքերում էլ մարդիկ տեղ են հասնում և հաստատվում ԵՄ երկրներում։ Սա ևս շատ կարևոր մարտահրավեր է։ Միգրացիոն օրենսդրության խստացումն անընդհատ շարունակվում է։ Վիզա ստանալու գործընթացը բավականին դժվար է, երբ դու քո ամբողջ կյանքը բերում և դնում ես հյուպատոսի առջև։ Այս խնդրին բախվել և բախվում են նաև բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ։ Չեմ կարծում, որ եթե նույն սկզբունքը կիրառվի ԵՄ եկող և այնտեղ հաստատվող միգրանտների նկատմամբ, նրանք շատ հնարավորություններ կունենան։ Գործ ունենք ևս մի հետաքրքիր երևույթի հետ, երբ մարդը գալիս է, օրինակ, հետխորհրդային տարածքից՝ որպես զբոսաշրջիկ, դժոխքի հազար ու մի շրջաններով է անցնում, մինչև ստանում է վիզան, որպեսզի իրավունք ունենա գնալ Եվրոպա, մինչդեռ այն մարդիկ, որոնք անօրինական ձևով գալիս են Աֆրիկայից կամ Ասիայից, ի վերջո, հաստատվում են ԵՄ երկրներում։ Նրանց շատ դեպքերում չեն էլ արտաքսում։ Սա երկակի ստանդարտ է։ Իրականում պետք է օրենսդրությունը խստացվի, բայց երկակի ստանդարտների մոտեցումը մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար ուղղակի անհասկանալի է»,- ասաց Ստեփանյանը։
Քաղաքագետն անդրադարձավ այն տեղեկատվությանը, որն օրեր առաջ շրջանառվեց եվրոպական մեդիայում, մասնավորապես իտալական մամուլում։ Տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին ԵՄ ղեկավարությանն առաջարկել էր մի շարք երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծել անօրինական միգրանտների պահման վայրեր։ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքելով շրջանառվող լուրերին՝ հայտնել էր, որ հայկական կողմին նման առաջարկ չի արվել և նման հարց չի քննարկվել։ Ավելի ուշ Հայաստանը դուրս բերվեց պոտենցիալ երկրների ցանկից։ Ստեփանյանն այդ առթիվ նշեց, որ չգիտի, թե իրականում որտեղից են ի հայտ գալիս նման տեղեկությունները, բայց հավելեց, որ այդ ամենը շատ նման է հիբրիդային պատերազմի, որ այսօր փորձում են մղել Հայաստանի դեմ։
«Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարող են գալ միգրանտներ և Հայաստանից՝ որպես հարմար հարթակ, տեղափոխվել Եվրամիություն, հետևաբար Հայաստանն այն տարածքը չէ, որտեղ կարող են հիմնվել նման ճամբարներ։ Մենք ԵՄ-ի հետ չունենք սահման, միակ ճանապարհն օդային հաղորդակցությունն է։ ԵՄ-ի հետ չունենք այնպիսի հարաբերություններ, որպեսզի դա հեշտ իրականացվի։ Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է նույնիսկ հայտնվել պոտենցիալ երկրների ցանկում, որովհետև մենք ԵՄ անդամ չենք, անդամակցության թեկնածու չենք, նման հայտ չենք ներկայացրել։ ՀՀ-ն պարազպես ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ասաց Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ այդպիսի երկիր է Թուրքիան, որը սահմանակից է ԵՄ-ին և մշտապես ակտիվորեն աշխատել և աշխատում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ և դա արել է, իհարկե, ԵՄ-ի գումարներով։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս շանտաժի է ենթարկել ԵՄ ղեկավարներին՝ պահանջելով ավելացնել գումարները, հակառակ պարագայում սպառնում էր միգրանտների առջև բացել դեպի Եվրոպա տանող իր երկրի սահմանները։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ի կողմից միգրացիոն քաղաքականության խստացումը կարող է բացասաբար անդրադառնալ մասնավորապես ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա՝ Ստեփանյանն ընդգծեց, որ նման վտանգ չի տեսնում։
«Վիզաների ազատականացումը ենթադրում է ոչ թե ՀՀ-ից դեպի ԵՄ անօրինական միգրացիայի վերահսկողության թուլացում, այլ ուժեղացում։ Դրա ապացույցն է ռեադմիսիայի պայմանագրի առկայությունը։ Վստահ եմ, որ ուշադրությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր խախտելու են այդ ռեժիմը, անգամներով աճելու է։ Մենք այդ առումով ունենք հարևան Վրաստանի փորձը։ Վիզաների ազատականացումը որևէ կերպ Վրաստանում չի բերել այդ երկրից զանգվածային արտագաղթի։ Ընդհակառակը՝ մարդիկ, ովքեր անօրինական կերպով տարիներ շարունակ ապրել են ԵՄ-ում, իսկույն հետ ուղարկվեցին։ Թող ոչ ոք Հայաստանում չմտածի, որ վիզային ռեժիմի չեղարկման դեպքում կարող է մեկնել և ԵՄ-ում հանգիստ ապրել՝ խախտելով այդ ռեժիմի պայմանները։ Եթե ամեն ինչ արվի օրենքով և գործընթացն էլ ընթանա իր հունով, ապա ԵՄ-ն կստանա բոլոր երաշխիքները, որ ՀՀ-ն բարեխղճորեն կկատարի իր պարտավորությունները։ Համոզված եմ, որ վիզաների ազատականացումն անօրինական միգրացիան կանխելու դրական գործիքներից մեկն է։ Եթե նման բան լինի, ապա ռեադմիսիոն պայմանագիրը կգործի շատ ավելի ուժգին ու նպատակասլաց»,-եզրափակեց Ստեփանյանը։
Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել միգրացիոն քաղաքականության խստացման շուրջ։ Համաձայն նոր իրավական կարգավորումների՝ ովքեր չունեն ԵՄ երկրներում մնալու իրավունք, կարող են արտաքսվել միության սահմաններից դուրս՝ երրորդ երկրներում ստեղծվելիք հատուկ կենտրոններ։
Թեման դարձել է ԵՄ ղեկավարների հերթական խորհրդակցությունների կարևոր ուղղություններից մեկը։ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ուշադրություն է դարձվել սահմանների պահպանության, ապաստանի տրամադրման ընթացակարգերի և երրորդ երկրների հետ համագործակցության խորացման հարցերին։