Քաղաքականություն

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն չկա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։  

Վասիլևը նաև անդրադարձել է այն տեսակետին, թե որքանո՞վ են Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև առկա խնդիրները կապված եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ՝ ափսոսանք հայտնելով, որ հակամարտությունը հնարավոր չի եղել լուծել խաղաղ ճանապարհով։

«Տարիներ շարունակ փորձեր են արվել, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար փոխզիջումային լուծումներ գտնելու համար։ Մոսկվան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ առաջարկել են համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ցավոք, խաղաղ ճանապարհով հնարավոր չեղավ համաձայնության հասնել, առաջին հերթին այս տարածքային վեճի կողմերի միջև։ Հակամարտության արդյունքում զոհեր եղան ինչպես Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության, այնպես էլ ռուս խաղաղապահների շրջանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները նույնպես պետք է հիշեն դա։ Բայց ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»,-նշել է Վասիլևը։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան ցանկանում է պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։

«ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց սեփական պատմությունը»,-նկատել է նա։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում