Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից

6 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներին և ներկայացված հայցերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ, 184 միլիոն 222 հազար 585 դրամ:

«Նշեմ, որ Սարգիս Սահակյանի վճռից բացի, ունենք այլ անձանց վերաբերյալ կայացված վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 1 կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի՝ ապօրինի գնահատված մասերը, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, 352 միլիոն 438 հազար դրամ»,- մանրամասնել է Վարդապետյանը:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվի ամբողջությամբ, մյուս 4-ը՝ ապօրինի ճանաչված մասերով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցությունը, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ, 85 միլիոն 430 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլար ավանդ,  10 միլիոն 200 հազար դրամ,  4853 եվրո,  2 միլիոն 643 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 9 անշարժ և 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 340 միլիոն դրամ:

Գլխավոր դատախազը հավելել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներով և հաշտություններով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքի և դրամական միջոցների արժեքը կազմում է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ (շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար)։

«Մասնավորապես, այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած 2 դատական ակտերի և 11 հաշտության համաձայնությունների արդյունքում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2000 բաժնետոմս, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել նաև 264 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև ավելի քան 1 միլիարդ դրամ։

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի գործով դատարանը բավարարել էր նաև շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամական պահանջ, որն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն բռնագանձումն ապահովելու նպատակով:

2026 թվականի հունիսի 17-ին կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն, որը մտել է օրինական ուժի մեջ։ Նշված հաշտության արդյունքում պետությանը ենթակա է վերադարձման ավելի քան 304 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարան ներկայացված հայցերին, ապա նշեմ, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, իսկ 2-ը դեռևս չեն ընդունվել վարույթ։ Դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 464 միլիարդ 600 միլիոն դրամ»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը:

Հայերեն

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները