Հայաստան

ՀՀ կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները

5 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները

Հայաստանի կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտաքին գործերի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունները փոխելու նախագծերն ընդգրկված էին Հայաստանի կառավարության օգոստոսի 6-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։

Արտաքին գործերի նախարարությունը կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

Նշվում է, որ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման, արտաքին առևտրի խթանման և արտահանման շուկաների հասանելիության ապահովման, օտարերկրյա ներդրումների ներգրավման աջակցման, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

Նախագծով հստակեցվել են նաև Էկոնոմիկայի նախարարության գործառույթները։

Ըստ այդմ՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման աջակցման, ներդրումների խթանման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պահպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման, գյուղատնտեսությանը պետական աջակցության և խաղային գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մշակում և իրականացնում է մարդու և ընտանիքի բարեկեցության ապահովմանն ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության, կամավոր աշխատանքի, ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, ժողովրդագրական պետական քաղաքականության, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության երաշխավորման, կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան  և կենցաղային բռնության կանխարգելման, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի,  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի և համայնքների արժանապատիվ կյանքը, ինքնուրույնությունը և ներառական զարգացումը կյանքի բոլոր փուլերում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում