Տնտեսություն

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից, պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում ընկերության կողմից բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները` տեսանյութում https://www.youtube.com/watch?v=nhgniTVV1x4

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում