2 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ՝ ջրամբար ու 2500 մետր երկարության ջրատար ցանց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի արժեքը կազմում է 20 միլիոն 400 հազար դրամ։
Ծրագրով նախատեսվում է կառուցել 4400 խորանարդ մետր տարողության ջրամբար և 2500 մետր երկարության ոռոգման ցանց՝ պոլիէթիլենային խողովակներով։
Հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Սոթքում ոռոգելի կդառնա շուրջ 70 հեկտար տնամերձ կամ սեփականաշնորհված հողամաս։
Ծրագրի շահառու են հանդիսանում Սոթք գյուղի տնտեսությունների կեսը՝ շուրջ 200 տնտեսություն։
Նույն ծրագրի շրջանակներում օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ծրագիրն իրականացնող «Hayk For Our Heroes» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Դավիթ Օհանյանի և կազմակերպության մյուս անդամների հետ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախկինում համատեղ իրականացված ծրագրերը, քննարկվել ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները՝ համայնքի զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում։
Այնուհետ այցելել են Սոթք բնակավայր՝ տեղում ծանոթանալու ոռոգման ցանցի և ջրամբարի կառուցման աշխատանքների ավարտական փուլի աշխատանքներին։