ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ձևավորվելիք Էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը հավասար թվով անդամներ կունենան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հանձնաժողովի կազմի, ղեկավարության և արդյունավետության վերաբերյալ հարցին։
Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես է ձևավորվելու Էթիկայի հանձնաժողովը, այն ղեկավարելու է իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչը, և ինչ արդյունքներ կարող է ապահովել՝ հաշվի առնելով, որ նախորդ գումարման խորհրդարանում մի շարք միջադեպեր հանձնաժողովի բացակայության պատճառով չեն քննվել։
«Իրապես Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Դա նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում մեր կատարած համապատասխան փոփոխության արդյունքն է»,- ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ փոփոխված կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովը պետք է կազմված լինի խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը ներկայացնող հավասար թվով պատգամավորներից։
«Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը՝ ընդդիմությունից։ Վեց ամիս անց նրանք կփոխվեն, և այդպես շարունակ։ Հանձնաժողովը լինելու է ժամանակավոր՝ երկու տարի ժամկետով, որից հետո կթարմացվի»,- նշել է ԱԺ նախագահը։
Ռուբինյանը հայտնել է, որ հանձնաժողովի ստեղծումից հետո խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն իրենց անդամներին։
«Ես կարծում եմ՝ սա լավ փոփոխություն է։ Նախկինում տարբեր հարցերի դեպքում անընդհատ ասում էին՝ ստեղծեք հանձնաժողով։ Հիմա այդ հանձնաժողովը կա, և եթե հարցեր լինեն, դրանք կքննարկվեն հանձնաժողովում»,- ասել է նա։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ հանձնաժողովի առկայությունն արդեն ինքնին կարող է զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վարքագծի վրա։
«Ինքնին այն փաստը, որ պատգամավորները գիտեն՝ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք խախտեն էթիկայի կանոնները, համապատասխան դիմում կլինի, արդեն կարող է հանրային ճնշման գործոն դառնալ։ Լրագրողների ակնկալվող ուշադրությունը և հանրային գնահատականը կարող են օգնել մեզ բարեկրթության օրակարգի հարցում»,- նշել է Ռուբինյանը։
Էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերը սահմանող օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի հուլիսի 3-ին։ Այն ուժի մեջ է մտել օգոստոսի 2-ին՝ իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը։
Օրենքի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի առաջին նստաշրջանի ընթացքում։