Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ.Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:

Բացի այդ, մեղադրյալ Դ.Ա.-ն նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով` տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա.Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ.Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան, ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Բացի այդ, Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով, մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ՝ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա.Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ.Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Հայերեն

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները