Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում է. Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները

5 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերության մրցունակության բարձրացումը, արտադրական գործընթացների թվայնացումը, արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը դարձել են Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացված Mining Innovation Summit-ի առանցքային թեմաները։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հատուկ նախագծի ձևաչափով կազմակերպված համաժողովը մեկ հարթակում համախմբել էր հանքարդյունաբերության, տեխնոլոգիական ոլորտի, ստարտափ էկոհամակարգի, պետական կառույցների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի տնտեսության երկու կարևոր ուղղությունների համագործակցության նոր հնարավորությունները։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով՝ մարդկության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է պատկերացնել առանց մետաղների, իսկ դրանց արդյունավետ և պատասխանատու օգտագործման կարևոր բաղադրիչը թվային տեխնոլոգիաների ներդրումն է։

«Հայաստանն ունի ներուժ, մենք ընդերքով հարուստ երկիր ենք, և այդ ներուժը պետք է ճիշտ օգտագործենք՝ ի շահ մեր պետության, ի շահ մեր տնտեսական զարգացման։ Ինչպես ցանկացած արդի ոլորտ, հանքարդյունաբերությունն էլ, բնականաբար, առանց թվային տեխնոլոգիաների անհնար է աշխատի։ Առանց թվային ծրագրերի և մոդելների անհնար է սկսել ընդերքից արդյունահանումը։ Ամբողջ արդյունաբերական շղթայում օգտագործվում են թվային տեխնոլոգիաներ»,-ասաց Ջհանյանը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, թվայնացման գծով տնօրեն Սադըկ Ազիմովը վստահ է՝  հանքահարստացման ոլորտում նույնիսկ փոքր սխալը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ, ուստի արտադրական գործընթացների կառավարման, որակի վերահսկման և ռեսուրսների պլանավորման թվային համակարգերը դարձել են ռազմավարական անհրաժեշտություն։

«Հանքահարստացման ոլորտն ու տեխնոլոգիաները շատ սերտորեն կապված են։ Հանքարդյունաբերության ոլորտը նաև պատրաստ է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, քանի որ այն այդ տեխնոլոգիաների խոշոր սպառողներից է, և դրանց կիրառումը չափազանց կարևոր է ոլորտի համար։ Տեխնոլոգիական ընկերությունների համար շատ օգտակար է խորությամբ հասկանալ բավականին բարդ և առանձնահատուկ ոլորտը և լուծել այնտեղ առկա կոնկրետ խնդիրները։ Կարող եմ վստահորեն ասել, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և արդեն իսկ դրական արդյունքներ ենք ստանում ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ»,-նշեց Ազիմովը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշեց, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ, այլև նորարարական գաղափարներ ներգրավել ոլորտ։

«Սա լավ հարթակ է նորարարական ստարտափներ և գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ և էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացմանը, վերափոխմանը և տեխնոլոգիական վերազինմանը։ Կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու»,-կարծում է Վարդանյանը։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն լայնորեն կիրառում է թվային տեխնոլոգիաներ՝ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ կիրառելով  արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքեր և լազերային սկանավորման համակարգեր, որոնք թույլ են տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ:

«Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումներն ավելի քիչ են արձանագրվում՝ հաշվի առնելով, որ ընդերքօգտագործման ոլորտը միակ ոլորտն է, որն ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա»,-ասաց նա։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ևս կարևորեց տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի մոնիթորինգը և թվային լուծումների ներդրումն արդեն դարձել են ժամանակակից հանքարդյունաբերության անբաժանելի մասը։

 «Եթե մենք մի քանի տասնյակ տարի առաջ ունեինք մեկ-երկու աշխատող ՏՏ ոլորտից, որոնք ապահովում էին մեր համակարգիչների բնականոն աշխատանքը, ապա այսօր տեխնոլոգիական ոլորտը հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում»,-հավելեց Ալոյանը։

Mining Innovation Summit-ի գլխավոր գործընկերն է ԶՊՄԿ-ն։

Seaside Startup Summit-ը մեկնարկել է հուլիսի 27-ին և մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին կհամախմբի ստարտափների, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, բիզնեսի և ներդրումային համայնքի ներկայացուցիչներին, պետական կառույցների և միջազգային փորձագետների։

Հայերեն Русский

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում է. Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները

Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի