Էլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծ
4 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջարկվում է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների շինություններին, պահեստային տարածքներին և բաց հրապարակներին ներկայացվող պարտադիր պահանջներ։ Օպերատորի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 600 քառակուսի մետր, իսկ տեսահսկման նյութերը պահպանվեն նվազագույնը 90 օր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի մշակած կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի համաձայն՝ պահեստային համալիրի փակ հատվածի մակերեսը պետք է լինի առնվազն 400, իսկ բաց հրապարակի մակերեսը՝ առնվազն 200 քառակուսի մետր։ Ապրանքների պահպանության համար նախատեսված պահեստային շինությունը պետք է զբաղեցնի փակ տարածքների ընդհանուր մակերեսի առնվազն 60 տոկոսը։
Օպերատորի տարածքը պետք է առանձնացված և պարսպապատված լինի այնպես, որ բացառվեն կողմնակի անձանց, այդ թվում՝ համապատասխան լիազորություն չունեցող աշխատակիցների մուտքը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացումն ու դուրսբերումը, ինչպես նաև այլ գործունեության իրականացումը։
Պարսպի բարձրությունը պետք է լինի առնվազն 2.5 մետր։ Տարածքի ամբողջ շրջագծով պետք է տեղադրվեն տեսախցիկներ և ապահովվի լուսավորություն։
Օպերատորը պետք է տեսաձայնագրի պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները, իսկ մաքսային մարմիններին տրամադրի տեսահսկման համակարգին առցանց հասանելիություն։ Տեսագրություններում պետք է նշվեն ամսաթիվն ու ժամը, իսկ նյութերը պահպանվեն առնվազն 90 օր։
Ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հետ աշխատող օպերատորները պետք է ունենան առնվազն 15 տոննա կշռելու հնարավորություն ունեցող՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին ինտեգրված կշեռք։ Միայն օդային ճանապարհով տեղափոխվող ապրանքների դեպքում կպահանջվի առնվազն 500 կիլոգրամ տարողությամբ կշեռք։
Նախատեսվում է նաև առնվազն հինգ ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար հարթակների և փակ շինությունների առկայություն։ Մանրակրկիտ մաքսային զննման համար պետք է ներդրվեն ՊԵԿ համակարգերին ինտեգրված ռենտգենային, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և այլ սարքավորումներ։
Օպերատորները պարտավոր կլինեն ունենալ ապրանքների հաշվառման ավտոմատացված համակարգեր, անցագրային կետեր, էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգ, համարանիշերի ավտոմատ ընթերցման սարքեր, բեռնման և բեռնաթափման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև տեղում մաքսային վճարումներ կատարելու հնարավորություն։
Մաքսային մարմինների աշխատակիցների համար պետք է տրամադրվեն աշխատանքային տարածք, կապի և տեխնիկական միջոցներ։ Ինտերնետային կապը պետք է ունենա առանձնացված VLAN ID և առնվազն 80 մեգաբիթ/վայրկյան թողունակություն։
Հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող ապրանքների համար պետք է նախատեսվեն սառնարանային տարածքներ։ Առանձին պայմաններ են սահմանվելու նաև սննդամթերքի, կենդանական ծագման ապրանքների, կերերի, դեղերի և դեղագործական հումքի պահպանման համար։
Սանիտարահիգիենիկ, պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը պետք է հավաստվի ռեեստրում ընդգրկվելու համար դիմելու ժամանակ, ապա՝ ամեն տարի մինչև առաջին եռամսյակի ավարտը։
Ռեեստրում ընդգրկվելուց հետո օպերատորը տասը աշխատանքային օրվա ընթացքում հիմնական մուտքի մոտ պետք է տեղադրի ՊԵԿ տարբերանշանով և իր անվանմամբ ցուցանակ։
Նախագիծը մշակվել է էլեկտրոնային առևտրի օպերատորների գործունեությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային նոր կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։
Որոշումն ուժի մեջ կմտնի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում 2026 թվականի մարտի 4-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվանից։