Տնտեսություն

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

5 րոպեի ընթերցում

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Հայաստանում նախատեսվում է նոր պահանջներ սահմանել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով գազեր ու վտանգավոր նյութեր տեղափոխող՝ ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների ներմուծման, արտադրության, շրջանառության և շահագործման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան օրենսդրական փաթեթը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Փոփոխությունները վերաբերում են ճնշման տակ աշխատող անոթներին, տարաներին, բաքերին, վագոններին, ցիստեռններին, մարտկոցային տրանսպորտային միջոցներին, գազի բազմատարր կոնտեյներներին, դրանց փականներին և այլ պարագաներին, որոնք օգտագործվում են վտանգավոր բեռների փոխադրման համար։

Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստան ներմուծվող, երկրում արտադրվող և շրջանառվող նման սարքավորումները պետք է միաժամանակ համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության պահանջներին։

Մասնավորապես՝ սարքավորումները պետք է ունենան ԵԱՏՄ շուկայում շրջանառության միասնական նշան, համապատասխանության գնահատման փաստաթուղթ և սահմանված գունային տարբերակիչ ներկվածք։ Միաժամանակ կպահանջվեն նաև եվրոպական «Pi»՝ «π» մակնշումը, փորձաքննություն իրականացրած մարմնի քառանիշ նույնականացման համարը, հատուկ վտանգավորության նշանները, համապատասխանության սերտիֆիկատը և գործող փորձաքննության վերաբերյալ տեղեկությունը։

Եվրոպական պահանջներին համապատասխանող և «Pi» մակնշում ունեցող ներմուծվող սարքավորումների համար կրկնակի ամբողջական գնահատում չի նախատեսվի։ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանության փաստաթուղթը և միասնական նշանը հնարավոր կլինի տրամադրել փաստաթղթային վերլուծության հիման վրա։

Հայաստանում արտադրվող սարքավորումների համապատասխանության գնահատումը պետք է իրականացվի ինչպես եվրոպական, այնպես էլ ԵԱՏՄ պահանջներով։ Արդյունքում սարքավորումը կունենա երկու մակնշում և համապատասխանության գնահատման երկու փաստաթուղթ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում ներկայում չկան համապատասխան լիազորված եվրոպական մարմիններ, ուստի գնահատման և «Pi» մակնշման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ կլինի պայմանագրեր կնքել նման մարմինների հետ։

Ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների գնահատումը, վերագնահատումը, պարբերական, միջանկյալ և միանգամյա ստուգումները նախատեսվում է իրականացնել համապատասխան ստանդարտով լիազորված եվրոպական մարմինների միջոցով։ Համապատասխանության գնահատման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը պետք է պահպանվեն 10 տարի։

Առանց անհրաժեշտ մակնշումների, սերտիֆիկատների, գունային տարբերակիչ ներկվածքի և գործող փորձաքննության վերաբերյալ տեղեկության նման սարքավորումների վաճառքը, ներմուծումը, շահագործման հանձնումը, լիցքավորումը կամ վերալիցքավորումը կարգելվի։

Անհամապատասխան սարքավորումների հայտնաբերման դեպքում տնտեսավարողները պարտավոր կլինեն դրանք համապատասխանեցնել սահմանված պահանջներին կամ դուրս բերել շուկայից։

Ավտոմոբիլային փոխադրումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը կկարողանա արգելել անվտանգության պահանջներին չհամապատասխանող սարքավորումների հետագա տեղափոխումը։ Երկաթուղային փոխադրողը պարտավոր կլինի նախքան փոխադրումը ստուգել համապատասխան մակնշումների, սերտիֆիկատների և պարբերական փորձաքննության ժամկետի առկայությունը։

Փոփոխությունների նպատակն է Հայաստանի օրենսդրությունը մոտարկել ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների վերաբերյալ Եվրոպական միության 2010/35/ԵՄ հրահանգին և ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված պարտավորությունների կատարումը։

Օրենսդրական փաթեթի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն կամ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի։

Նախատեսվում է, որ օրենքներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագծերի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում