Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի մշակույթի տանը ավագ սերնդի համար բացվել է ժամանցի և զբաղվածության կենտրոն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, նորաբաց կենտրոնը կրում է «Գտնված երազ» անվանումը։
Ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում՝ Ներքին Գետաշենի տեղական կոմիտեի աջակցությամբ։
«Կենտրոնը նախատեսված է Մարտունի համայնքի 60 և բարձր տարիքի բնակիչների համար։ Այն հնարավորություն կտա ավագ սերնդի ներկայացուցիչներին ապահովել ակտիվ ու բովանդակալից առօրյա՝ շաբաթական երկու անգամ մասնակցելով կերպարվեստի, հոգեբանական թերապիայի, առողջարար մարմնամարզության, հրուշակագործության, գրական քննարկումների և մեդիագրագիտության դասընթացներին։
Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, նախատեսվող ծրագրերն ու մասնակցության կարգը»,-տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։