Եվրոպա

Ֆրանսիայի անտառային հրդեհները ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի անտառային հրդեհները ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բորդո քաղաքի մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհները «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաուժեղն» է անվանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք պետք է հասկանանք, որ բախվում ենք բոլորովին աննախադեպ անտառային հրդեհի։ Իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք, ամենածանրն է, որ երբևէ գրանցվել է», - Ժիրոնդի շրջան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ Լանդի շրջանում բռնկված հրդեհը զսպվել և վերահսկողության տակ է վերցվել։

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնը նշել է, որ հրդեհի մարմանն օգնելու համար գործի են դրվել բոլոր հնարավոր ռեսուրսներն ավելի քան 1500 զինվորականների ներգրավմամբ։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ հրդեհաշիջման արգելապատնեշներ են փորվել և ամրացվել՝ հրդեհի առաջխաղացումը կանխելու համար։

Ժիրոնդում անտառային հրդեհների դեմ պայքարի ղեկավար Ռեմի Լասուրեյլը նշել է, որ վերջին հինգ-վեց օրվա ընթացքում այրվել է մոտ 42 000 հեկտար տարածք, սակայն մեկ գիշերվա ընթացքում այդ թիվը զգալիորեն չի աճել։

Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ ոչնչացել է մոտ 240 տուն։

Լասուրեյլը հավելել է, որ հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 2000 հրշեջ։ Օդային աջակցություն է ցուցաբերվել տարբեր եվրոպական երկրներից։

Հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում։ Մադրիդի տարածաշրջանային նախագահ Իզաբել Դիաս Այուսոն հայտարարել է, որ անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը «քիչ-քիչ» բարելավվում է, և որ իշխանությունները քննարկում են որոշ մարդկանց՝ իրենց տները վերադառնալու հնարավորությունը։

Տեղեկություններ են հաղորդվել, որ մոտ 105 000 մարդ տարհանվել է Մադրիդի, Ավիլայի և Տոլեդոյի շրջաններում հրդեհներից տուժած մոտ 77 000 հեկտար տարածքից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում