Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
2 րոպեի ընթերցում

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 27-ի երեկոյան և հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում, իսկ թշնամու 81 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս», - հայտնել է քաղաքապետը։
Գործակալության հաշվարկներով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներից մեկն էր։
Արձանագրվել են նաև այլ արձակումներ։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ՌԴ Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ Շեբեկինոյում ավտոբուսի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է 19 մարդ։ Ռյազանի մարզում բազմաբնակարան շենքին հարվածի հետևանքով 1 մարդ է վիրավորվել։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 28-ի առավոտ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 131 գրոհային ԱԹՍ։
Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է 107 անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում և արևելքում։ Չնայած հակաօդային պաշտպանությանը՝ ԱԹՍ-ներից մի քանիսը հասել են իրենց թիրախներին։ 16 հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածը գրանցվել է միաժամանակ 9 վայրում։
Սումիի մարզային իշխանությունները տեղեկացրել են, որ գիշերը կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք երեխա և երեք մեծահասակ։
Խերսոնում առավոտյան հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 28-ի գիշերը ռուսական ուժերը փորձել են գրոհել նաև Կիևի վրա, ինչի հետևանքով մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։