Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

3 րոպեի ընթերցում

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական ուժերի և իսրայելցի զինված վերաբնակիչների կողմից օկուպացված Արևմտյան ափին հարձակումների աճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պաղեստինի նախագահական գրասենյակի հայտարարության մեջ։

Նախագահ Աբբասը նամակներ է ուղարկել արաբական և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների, ինչպես նաև ԵՄ-ին, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ում Պաղեստինի Պետության առաքելությանը՝ նշելով, որ օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման»։

«Այս հարձակումները հանգեցրել են հարյուրավոր անմեղ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, գույքի ոչնչացման, տների, կրոնական վայրերի, ծառերի և գյուղատնտեսական հողերի այրման», - նշվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Իսրայելի քաղաքականությունը միտումնավոր խաթարում է երկու պետությունների սկզբունքով կարգավորման հնարավորությունը և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Նախագահը կոչ է արել միջազգային դերակատարներին «իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, մասնավորապես՝ 2334 բանաձևը, որը հաստատում է իսրայելական բնակավայրերի անօրինականությունն օկուպացված պաղեստինյան տարածքում, և ապահովել միջազգային պաշտպանություն պաղեստինյան ժողովրդի համար»։

ՏԱՍՍ-ը գործակալությունը, հղում անելով իսրայելական ռազմական աղբյուրի, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու օրերին ձերբակալել է ավելի քան 130 պաղեստինցու, որոնք հետախուզվում էին Արևմտյան ափին ահաբեկչական գործունեության կասկածանքով։

«Նախորդող երկու օրերին զինվորականները (Արևմտյան ափին) ձերբակալել են ավելի քան 130 հետախուզվող անձանց, այդ թվում՝ զենք վաճառողների, ՀԱՄԱՍ-ի զինյալների, հրահրման մեջ ներգրավված անձանց և ահաբեկչական հարձակումներ պլանավորող ահաբեկիչների։ Զորքերը գործել են Արևմտյան ափի հարյուրավոր վայրերում և հարցաքննել են հարյուրավոր կասկածյալների», - հայտնել է աղբյուրը։

Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը հուլիսի 27-ի առավոտյան շարունակել են օկուպացված Արևմտյան ափի ողջ տարածքում իրականացվող հարձակումներն ու ձերբակալությունները։ Ըստ տեղեկությունների՝ Նաբլուսի հինգ հատվածում ձերբակալվել է ութ պաղեստինցի։

Հուլիսի 24-ին Արևմտյան ափի Նաբլուսի քաղաքի մոտ հրեա վերաբնակիչների և պաղեստինցիների միջև բախում էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 2 իսրայելցի և 4 պաղեստինցի։ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստվում է «լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների»։

Հայերեն Русский

Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ մեկնարկում է հայտերի ընդունումը

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման