Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը Հայաստանում․ Տնտեսական լրագրողների ակումբը քննարկում էր կազմակերպել

15 րոպեի ընթերցում

Հետաքրքիր, բովանդակային առումով հագեցած մտքերի փոխանակմամբ, երբեմն սուր հակադարձումներով ուղեկցված քննարկում էր կազմակերպել Տնտեսական լրագրողների ակումբը «ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում. որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ իրավաբաններ, փաստաբաններ, հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցներ, լրագրողներ։

SLAPP (Strategic Lawsuit Against Public Participation) կոչվում են հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը։ Տեսակետ կա, որ դա իրավական գործիք է, որը հիմնականում խոշոր կազմակերպությունների կամ պաշտոնյաների կողմից օգտագործվում է ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին լռեցնելու կամ ֆինանսապես սպառելու նպատակով՝ նրանց քննադատական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հայտարարությունների համար։ Ըստ այդմ, դատական հայցերի նպատակը ոչ թե արդարության հասնելն է, այլ պատասխանողին վախեցնելը և երկարատև դատական քաշքշուկների մեջ ներքաշելը։ Պահանջվող փոխհատուցման չափերը հաճախ շատ մեծ են, ինչը կարող է հանգեցնել լրատվամիջոցի կամ ակտիվիստի սնանկացման:

Հայաստանում դրանց մշտադիտարկումն ու վերլուծությունը իրականացնում են տեղական տարբեր նախաձեռնություններ։

Երևանում անցկացված քննարկման սկզբում մասնակիցներին ողջունեց և միջոցառման նպատակներն ու ակնկալվող արդյունքները ներկայացրեց Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը։

Այնուհետև ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի  իրավաբան Մարիետտա Մնացականյանը հանգամանալից անդրադարձավ վերջին տարիներին Հայաստանում ՍԼԱՓՓ-ին առնչվող դատական պրակտիկային, ներկայացվող հայցերի համապատասխանությանը ՍԼԱՓՓ-ի չափանիշներին, հիմնական միտումներին և առանձնահատկություններին, նախատեսվող իրավական կարգավորումներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարիետտա Մնացականյանը նշեց, որ Հայաստանի օրենսդրության և հայաստանյան իրականության մեջ, ինչպես նաև եվրոպական երկրների մեծ մասում ՍԼԱՓՓ-ի իրավական ձևակերպում գոյություն չունի։

«Սակայն, ուսումնասիրելով Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ՄԻԵԴ որոշումների տեքստերը, տեսնում ենք, որ որոշակիորեն կան չափանիշներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ, թե որոնք են այն հայցերը, որոնք կարող են որակվել ՍԼԱՓՓ-ին առնչվող գործեր։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իրավական գնահատական և տարանջատում չկա»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չի տիրապետում Հայաստանում այդպիսի գործերով դատավարությունների ելքի վերաբերյալ վիճակագրությանը։

Մեր այն հարցին, թե ՍԼԱՓՓ-ը կարելի՞ է համարել խոսքի ազատությունն ակնհայտորեն սահմանափակող գործիք, Մարիետտա Մնացականյանը պատասխանեց․

«Ցանկացած իրավական կարգավորում և ցանկացած հարցի բարձրաձայնման գործընթաց միշտ ունի երկու կողմ։ Մի կողմից միշտ ունենում ենք որոշակի օբյեկտ, որը ունի պաշտպանության կարիք․ տվյալ պարագայում խոսքը գնում է անձի արժանապատվության, գործարար համբավի և այլնի մասին։ Մյուս կողմից՝ խնդիրն առնչվում է տեղեկատվության ու խոսքի ազատությանը։ Ցանկացած իրավիճակում յուրաքանչյուր կարգավորում կարող է առնչվել երկու կողմին էլ։ Այսինքն՝ եթե փորձենք խստացնել կարգավորումները, որոնք կարող են բացառել իրավիճակները և կարող են լինել նաև նմանատիպ հայցեր, ապա, այո, կարող ենք խոսքի ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումներ ունենալ։ Հենց սրանով է պայմանավորված դաշտի բավականին նուրբ լինելը և այն, որ բավականին բարդ է գտնել հավասարակշռված կարգավորումներ, որոնք որևէ սուբյեկտի ու նաև որևէ իրավունքի տեսանկյունից նոր խնդիրներ չեն առաջացնի»։

Մարիետտա Մնացականյանի ելույթին հաջորդեց «ՍԼԱՓՓ որակվող հայցերը հանքարդյունաբերական վեճերում. որտե՞ղ է խոսքի ազատության և հեղինակության պաշտպանության սահմանը» թեմայով պանելային քննարկում։

Մասնակիցներն ազատ քննարկման ձևաչափով խոսեցին ՍԼԱՓՓ-ի հստակ իրավական սահմանման առկայության, այն անձի կամ կազմակերպության օրինական դատական պաշտպանության իրավունքից տարբերելու չափանիշների, Հայաստանում հակա-ՍԼԱՓՓ իրավակարգավորման ներդրման հիմնական առավելությունների և ռիսկերի, հանրային մասնակցությունն ու խոսքի ազատությունը պաշտպանելու և միաժամանակ դատարանի միջոցով հեղինակությունն ու բարի համբավը պաշտպանելու իրավունքի ապահովումը չսահմանափակելու, ինչպես նաև հանրային շահին առնչվող բնապահպանական թեմաներով տարածվող չստուգված կամ մասնագիտական բավարար հիմնավորում չունեցող տեղեկությունների տարածման տնտեսական, ներդրումային և նույնիսկ արտաքին քաղաքական հնարավոր հետևանքների, հանրային քննարկումը ստուգելի փաստերի վրա հիմնելու և խոսքի ազատությունը չսահմանափակելու ուղղությամբ հասարակական կազմակերպությունների, փորձագետների, բիզնեսի, լրատվամիջոցների և պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանատվության սահմանման, հանրության առջև սեփական հաշվետվողականությունը գնահատելու չափանիշների, զրպարտության և բարի համբավի պաշտպանության գործերով հաճախ ներկայացվող փոխհատուցման պահանջների չափերի համաչափության մասին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող զրպարտության վերաբերյալ գործերով ծառայություններ մատուցող փաստաբան Անի Ալավերդյանն,  անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում ՍԼԱՓՓ-ի հնարավոր դրսևորման դեպքերի առկայության մասին «Արմենպրես»-ի հարցին, ընդգծեց․

«Նախ նշեմ, որ ՍԼԱՓՓ-ը մեզ համար մի փոքր չբացահայտված կոնցեպտ է։ Ճիշտ է՝ շատերն ասում են, որ չափորոշիչները հստակ են, բայց ինձ համար՝ որպես փաստաբան, հստակ չէ, թե ինչ է ՍԼԱՓՓ-ը։ Ամեն դեպքում,  դատարանները իրականացնում են քննություն ու, եթե դրա արդյունքում, պարզվում է, որ դա հիմք ունեցող, հիմնավորված զրպարտություն է, հայցը բավարարվում է։ Իսկ եթե պարզվում է, որ հայցն անհիմն է, ապա մերժվում է։ Այստեղ ի՞նչ պետք է լինի․ ստացվում է՝ եթե ՍԼԱՓՓ է, ապա հայցը պետք է չընդունեն վարույթ։ Բայց դա հակասում է մեր օրենսդրությանը։ Իսկ եթե ընդունում են վարույթ և քննություն իրականացնում, անգամ արագացված, որը նույնպես կիրառելի պրակտիկա է մեր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում, ապա պետք է նշել, որ ՍԼԱՓՓ-ի տարանջատման իմաստը և մեխանիզմը դեռևս հստակ չեն, որովհետև նախագիծը հստակ ներկայացված չէ»։

Անի Ալավերդյանը նշեց, որ ներկայում ՍԼԱՓՓ-ը գոնե իր պրակտիկայից ելնելով ավելի սուբյեկտիվ բնույթ է կրում։

«Սեփական փորձից կարող եմ ասել, որ զրպարտության վերաբերյալ իմ ստանձնած գործերից առնվազն 90 տոկոսի դեպքում մեր հայցերը բավարարվել են։ Այս պարագայում ինձ համար դժվար է ՍԼԱՓՓ-ը որակել այլ գործերի շրջանակում, քանի որ ծանոթ չեմ դրանց հանգամանքներին, հիմքերին, նրան, թե ի՞նչ նպատակ են հետապնդել։ Իմ վստահորդների դեպքում նպատակը եղել է մեկը՝ վերականգնել խախտված իրավունքները»,- շեշտեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ զրպարտության մասով հայրենի օրենսդրությունը հատկապես վերջին տարիներին այնքան է զարգացել, քննարկվել, լրացվել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների որոշումներով, որ իր սուբյեկտիվ կարծիքով՝ ՍԼԱՓՓ-ի հավելյալ կարգավորումը դարձել է անիմաստ, եթե չլինեն ակնհայտ դեպքեր։

«Քանի որ որպես փաստաբան երբևէ չեմ առնչվել ՍԼԱՓՓ-ի դեպքերի, չեմ կարող ասել, որ սա պետք է ներդրվի կամ չպետք է ներդրվի։ Այս պահին, անգամ եթե պատասխանող կողմի փաստաբան լինեմ, ձեռնպահ կմնամ ցանկացած քեյս ՍԼԱՓՓ որակելուց»,- եզրափակեց փաստաբանը։

«Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու, փաստաբան Արմեն Մելքումյանը տեղեկացրեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրենց ընկերության ներկայացրած բոլոր հայցերը ՍԼԱՓՓ-ի հետ առնչություն չեն ունեցել, այլ միտված են եղել զուտ ընկերության խախտված իրավունքների վերականգնմանը և շահերի ներկայացմանը։

«Որովհետև զրպարտությունը և վիրավորանքներն արատավորել են ընկերության բիզնես կամ գործարար համբավը, և այդ հայցերըՍԼԱՓՓ-ի հետ առնչություն չունեն։ ՍԼԱՓՓ-ը, մեր գնահատմամբ, իրավական այլ եզրույթ է, որը ենթադրում է ընկերությունների կամ այլ անձանց կողմից ներկայացրած հայցեր՝ իրենց քննադատներին լռեցնելու նպատակով։ Մեր ներկայացրած հայցադիմումները եղել են կեղծիք և սուտ տարածողների դեմ, որոնք, ըստ էության, փորձել են սուտը և կեղծիքը տարածել հանրության մեջ և արատավորել ընկերության գործարար համբավը։ Ունեցել ենք, եթե չեմ սխալվում, 9 կամ 10 հայց, որից 8-ը դրական արդյունք են ունեցել, իսկ երկուսի դեպքում զուտ դատավարական գործընթացների սխալ կիրառման արդյունքում չենք ունեցել դրական արդյունք»,- նշեց նա։

Արմեն Մելքումյանի խոսքով՝ իրենց ընկերությունը միշտ պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման։

«Լինելով պատասխանատու ընկերություն՝ «Լիդիան Արմենիա»-ն պարբերաբար աշխատում է իր համայնքների հետ, իրականացնում է սոցիալական ծրագրեր, նաև պատրաստ է լսել ցանկացած առողջ քննադատություն։ Բոլոր քննարկվող թեմաների վերաբերյալ՝ բացասական, թե զրպարտող, կեղծիք տարածողներին առաջարկել ենք՝ եկեք քննարկենք, հասկանանք, թե ի՞նչն է ձեր մտահոգությունը, ապա միայն դատարանը դիտարկենք որպես իրավունքների պաշտպանության ատյան»,- հավաստիացրեց նա։

Փաստաբան Գուրգեն Թորոսյանը հայտնեց, որ արդեն շուրջ 7 տարի զբաղվում է բնապահպանների դեմ ներկայացված հայցերով, որոնք որակել են որպես ՍԼԱՓՓ դատավարական գործընթաց։

«ՍԼԱՓՓ-ը հանրային հնչեղություն ունեցող որոշակի հարցերի շուրջ անձանց արտահայտած դիրքորոշումների, տվյալ դեպքում, հրապարակային որոշակի խոսքի համար անձանց դեմ ներկայացված պահանջներն են դատական կարգով, որոնց հիմնական նպատակը տվյալ անձանց լռեցնելն է։ Մենք դա համարում ենք նաև լռեցման հայցեր, որովհետև այդ անձինք ունենում են նյութական, հոգեբանական, բարոյական և այլ խնդիրներ, ընկճվածություն, հետագայում նման խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու կաշկանդվածություն։ Նպատակն է մեծ գումարի պահանջ ներկայացնելով կամ նախնական կալանքը խափանման միջոց կիրառելով՝ զսպել նրանց և կանխել հետագայում նրանց կողմից բնապահպանական կամ այլ խնդիրների մասին բարձրաձայնելը։ Դա ՍԼԱՓՓ դատավարական գործընթացն է։ Ներկայում պայքարում ենք, որպեսզի Հայաստանը իր օրենսդրությունում ներդնի հակա-ՍԼԱՓՓ դատավարական գործընթացներ»,- տեղեկացրեց նա։

Հարցին՝ Հայաստանում շատ են եղել ՍԼԱՓՓ դատավարական գործընթացներ, պատասխանեց

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի քան 40-ն են եղել։ 2018 թվականից հետո ՍԼԱՓՓ դատավարությունների թիվն աճել է այն տրամաբանությամբ, որ բնապահպանների ակտիվ գործունեությունը, կարծես, ուղղվել է հիմնականում «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ։ Ըստ այդմ, պահանջներ ներկայացնող հիմնական կազմակերպություններն են «Լիդիան Արմենիա»-ն և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այլ կազմակերպություններ նույնպես ներկայացրել են նմանատիպ հայցեր, բայց ավելի շատ այս կազմակերպություններն են։ Ինքս ունեցել եմ միայն «Լիդիան Արմենիա»-ի կողմից ներկայացրած պահանջներով 8-9  պաշտպանություն։ Այսինքն, նշված ընկերության ներկայացրած հայցեր պայքարող անձանց դեմ, որոնք գտնում են, որ իրենց կարծիքով՝ «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրականացվող հանքի շահագործումը, խոսքը Ամուլսարում հանքի շահագործման մասին է, բնությունն աղտոտում և վնաս է պատճառում։ Նմանատիպ յուրաքանչյուր արտահայտություն բերում է նրան, որ հանդիպում ենք արդեն դատարանում»։

Նրա խոսքով՝ դատարանները ոչ միշտ են բավարարում հայցերը։ Փաստաբանը հիշեց երկու դեպք, երբ Վերաքննիչ դատարանը փոփոխել է վճիռը՝ համարելով, որ կա ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրում։ Մնացած գործերով, ըստ Գուրգեն Թորոսյանի, կան մերժումներ, որոնց վերաբերյալ դատարանը քննադատություն հնչեցրած անձանց դատողությունները համարել է գնահատողական կամ ոչ զրպարտություն։

«Գտել են, որ չի հիմնավորվել, որ անձը ունեցել է զրպարտելու դիտավորություն։ Այսինքն՝ եթե անձը քննադատել է, դա նորմալ է։ Գնահատողական դատողությունը կարող է տեղավորվել ընդհանուր քննադատական տիրույթում, եթե, իհարկե, իր մեջ չի պարունակում այնպիսի փաստական տվյալների ներկայացում, որը անձի, տվյալ դեպքում կազմակերպության, գործարար համբավն է արատավորում։

Եղել է նաև դեպք, երբ Առաջին ատյանի դատարանը մերժել է, իսկ Վերաքննիչը բեկանել և փոփոխել է՝ գտնելով, որ անձը ոչ թե զրպարտել է, այլ տվյալ դեպքում չի ստուգել այդ տեղեկատվության արժանահավատությունը կամ չի ապացուցել, որ դա համապատասխանում է իրականությանը։ Նման դեպքեր, իհարկե, եղել են։ Այդ գործերով էլ հիմնականում ներկայացրել ենք Եվրոպական դատարան, այդ թվում նաև ՍԼԱՓՓ որոշակի գործընթացների վկայակոչմամբ»,- եզրափակեց փաստաբանը։

Հայերեն

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին