Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Մարմաշեն գյուղում «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոն և վեց տեխնոլոգիական կացարան կառուցելու համար համայնքային հողամասը «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքով օտարելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Ծրագիրը կիրականացվի Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղում գտնվող 0,53 հեկտար հողամասում։ Այն կարող է օգտագործվել բացառապես բարեգործական նպատակներով։
Կրթական կենտրոնը կհագեցվի համակարգիչներով և ինժեներական սարքավորումներով՝ միաժամանակ մինչև 30 մասնակցի ուսուցում կազմակերպելու համար։ Ախուրյան համայնքի կանայք և երիտասարդներն անվճար կմասնակցեն ինժեներական, արհեստական բանականության ու կանաչ տեխնոլոգիաների ծրագրերին։
Նախատեսվում է կառուցել նաև վեց «Chillwithtech» տեխնոլոգիական կացարան՝ հրավիրված դասախոսների, փորձագետների և հյուրերի ժամանակավոր բնակության համար։
Առաջիկա երեք տարում ծրագրվում է ներդնել 100 միլիոն դրամ և նպաստել հինգ նոր սկսնակ ընկերության ստեղծմանը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից և արժանացել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային աջակցությանը։
Հողամասը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նպատակային չօգտագործելու դեպքում պայմանագիրը կլուծվի, իսկ հիմնադրամի սեփականության իրավունքը կդադարեցվի։