Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում
2 րոպեի ընթերցում

Իսրայելցի զինվորականներն աննկատ, բայց արագ կառուցում են հսկայական հողե պատնեշ, որը բաժանում է իրենց կողմից վերահսկվող Գազայի հատվածի ավելի քան 50%-ն անկլավի մնացած մասից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին։
Վերջին ամիսներին կառուցվել է ավելի քան 23 կիլոմետր պատնեշ, որն անցնում է զինվորականների կողմից ավերված պաղեստինյան համայնքների միջով։ Սա համարժեք է ափամերձ անկլավի կեսից ավելիին. անկլավն ունի մոտ 40 կիլոմետր երկարություն և 11 կիլոմետր լայնություն և ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների բնակավայրն է։
Զինվորականները հայտնել են, որ պատնեշի նպատակն է կանխել ներթափանցումը և պաշտպանել իսրայելական զորքերին և իսրայելական համայնքները Գազայի մոտակայքում:
Արբանյակային պատկերները ներկայացնելուց հետո Իսրայելի զինվորականները The Associated Press-ին հաստատել են, որ ֆիզիկական պատնեշ են կառուցել, այսպես կոչված, դեղին գծի տարածքում՝ այն սահմանին, որտեղից իսրայելական զորքերը նահանջել են ՀԱՄԱՍ-ի հետ հոկտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի պայմանների համաձայն։ ԱՄՆ-ի կողմից աջակցվող համաձայնագրում այդ գիծը նախատեսված էր որպես տարածքի ժամանակավոր բաժանում՝ մինչև Իսրայել լիարժեք նահանջը։
Սակայն Իսրայելի կողմից դիրքերի ամրապնդման ֆոնին պաղեստինցիների մտավախությունները սրվում են, որ գիծը վերածվում է սահմանի: Ո՛չ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը պատասխանատու է հրադադարի մոնիթորինգի համար, ո՛չ էլ Խաղաղության խորհուրդը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած մարմինը, որը, ի վերջո, պետք է վերահսկի Գազան, չեն արձագանքել պատնեշի մասին հարցումներին։