Խորովածից գինի, ջազից արվեստներ ու արհեստներ․ ինչ փառատոններ են սպասվում առաջիկայում

6 րոպեի ընթերցում

Հայաստանում փառատոնային տուրիզմը նկատելի զարգացում է ապրում։ Ամեն տարի ամենատարբեր ուղղություններով փառատոնների պակաս չի զգացվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ կոմիտեն տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերում բազմաթիվ փառատոնների անցկացմանը՝ շեշտադրելով համայնքները։

«Փառատոնային տուրիզմը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման գործում։ Առավել կարևորում ենք, երբ փառատոններն անցկացվում են Հայաստանի տարբեր մարզերում, ինչը նպաստում է համայնքների համաչափ զարգացմանը։ Մարզերում փառատոնների անցկացումն իր նկատելի ազդեցությունն է թողնում տեղում համայնքների վրա»,-ասաց Դիանա Կարապետյանը։

Փորձը ցույց է տալիս, որ համայնքներում սպասում են այդ փառատոններին, որովհետև այդ օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են գնում, ինչի արդյունքում աշխատում են տեղի հյուրանոցները, հյուրատները, բնակիչներն էլ հնարավորություն են ունենում վաճառել իրենց ձեռքի աշխատանքը բերքն ու բարիքը։ Ըստ Կարապետյանի՝ կարևոր է նաև համայնքների ենթակառուցվածքների բարելավումը, պետությունը հետևողականորեն աշխատանք է տանում, թե ճանապարհների, թե լուսավորության, թե այլ ուղղություններով պայմանները բարելավելու նպատակով։

Մինչև տարվա վերջ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հանրապետությունում իրականացվելու է զբոսաշրջային 12 փառատոն։ Վայոց ձորի Հորս համայնքում նախատեսված է բնության, մեղրի և երաժշտության Եղեգիս ֆեստը (Արսեն և Արթուր Սաֆարյան եղբայրներ, «Լավ էլի» բենդ), օգոստոսի 1-ին Խորովածի փառատոնը տեղի կունենա Ստեփանավանում։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այն արդեն 13-րդ անգամ է անցկացվում ու շատերի համար սպասված իրադարձություն է։

«Ամեն տարի այս փառատոնի անցկացումը ցույց է տալիս, թե որքան սպասված է ինչպես համայնքների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Մենք ունենում ենք տուրիստներ, որոնք հենց Խորովածի փառատոնին մասնակցելու համար են գալիս Հայաստան։ Այն լավ հնարավորություն է ոչ միայն հայկական խոհանոցը ներկայացնելու, այնպես էլ բացահայտելու տեղի համայնքի զբոսաշրջային հնարավորությունները, մշակույթը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Երաժշտական շեշտադրմամբ հետաքրքիր իրադարձություն է սպասվում Գյումրիում, որտեղ օգոստոսի 7-ին, 8-ին, 9-ին տեղի կունենա «Դալան ռոք ֆեստ»-ը։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ այս փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին և տևական դադարից հետո վերադառնում է։

«Սա պարզապես երաժշտական միջոցառում չէ, մենք սրանով փորձում ենք հանրահռչակել քաղաքի մշակութային, հանրային միջավայրերը։ Ընտրված են ամենամեծ և լավ պահպանված 3 դալանները, որտեղ հանդես կգան ռոք խմբերը։ Մեկնարկը կտան «Ուրու», «Կանգուն» բենդերը, միջոցառումը կշարունակի «Տիեզերք» ռոք խումբը, փառատոնը կեզրափակի «Քուչի բլյուզ»-ը»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։

Առաջիկայում սպասվող փառատոնների շարքը կշարունակի «Նավասարդ» հայ- իրանական մշակութային խոհանոցային փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի Սիսիան համայնքում։ Օգոստոսի 14-21-ը «Հայը ջազում, ջազը բակում» փառատոնը կհյուրընկալվի Եղեգնաձորում, Գորիսում, Վանաձորում, Տավուշում, Դիլիջանում։ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում սեպտեմբերի 5-ին ինքնաթիռների, ուղղաթիռների սիրահարներին իր շուրջը կհամախմբի Armenia Air Fest-ը, նույն օրը Դիլիջանում կանցկացվի Արհեստների ու արվեստների փառատոնը։  «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը սեպտեմբերի 9-ին կանցկացվի Երևանում։ «Հայաստանի գույները» ակվարելի 4-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 18-20-ը Գյումրիում, սեպտեմբերի 28-ին իր դռները կբացի «Թէատրոն» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Գինու սիրահարները կհամախմբեն հոկտեմբերի 3-ին կայանալիք Արենի գինու փառատոնի շուրջ, հոկտեմբերի 6-11-ն էլ ցանկացողները կարող են Հայաստանը բացահայտել երկնքից օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ այս բազմազանությունը շատ կարևոր է, յուրաքանչյուր մարդ կարող է իր նախասիրությունների հարմար փառատոններ ընտրել, մասնակցել ու վայելել։

«Ակնհայտ է, որ նման փառատոններ զբոսաշրջիկներ են բերում Հայաստան։ Բազմաթիվ են այն դեպքերը, որ ամենատարբեր երկրներից զբոսաշրջիկները գալիս են Հայաստան հենց որևէ փառատոնին մասնակցելու, ինչը միայն ուրախալի է ու ոգևորիչ։ Արձագանքները միայն դրական են»,-ասաց Դիանա Կարապետյանը։

Ներկայացնելով զբոսաշրջային այցելությունների այս տարվա առաջին կիսամյակի տվյալները՝ Դիանա Կարապետյանը նշեց, որ հունվար-հունիս ամիսներին Հայաստան է եկել 1 մլն 41 հազար 598 զբոսաշրջիկ, որը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,8 տոկոսով։ Ամենաշատը Հայաստան եկել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից։ Առաջին տասնյակ երկրների ցանկում են Չինաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Իտալիան, Ֆրանսիան, Հնդկաստանը։

Հայերեն

Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասին

Վաղարշյան փողոցում կրակոցների և վրաերթի փորձի դեպքի առթիվ վարույթի շրջանակներում 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Խորովածից գինի, ջազից արվեստներ ու արհեստներ․ ինչ փառատոններ են սպասվում առաջիկայում

ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան