Եվրոպա

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

3 րոպեի ընթերցում

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հուլիսի 14-ին վերսկսել են բանակցությունները, որի ընթացքում Բեյրութը հույս ունի առաջընթաց գրանցել Լիբանանի հարավից իսրայելական ուժերի դուրսբերման գործում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ըստ գործակալության՝ լիբանանցի և իսրայելցի պաշտոնյաները հուլիսի 14-ին և 15-ին կհանդիպեն Հռոմում ԱՄՆ դեսպանատանը՝ շրջանակային համաձայնագրի իրականացման եղանակը որոշելու համար։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ բանակցությունները Հռոմ տեղափոխելը երկու երկրների պատվիրակությունների համար կհեշտացնի իրենց կառավարությունների հետ խորհրդակցելը՝ բանակցությունների ընթացքում ուղղորդման համար։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ավելի վաղ հայտարարել էր որ Իտալիան առաջարկել է հյուրընկալել բանակցությունները՝ Լիբանանում իրական հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակելու նպատակով։

Այս առնչությամբ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս էր հայտնել, որ Հռոմի հանդիպումը կհանգեցնի «շոշափելի և գործնական քայլերի տեղում»՝ համաձայնագիրը կյանքի կոչելու համար, և որ Իսրայելը կսկսի իր զորքերի դուրսբերումը, որպեսզի լիբանանյան բանակը կարողանա տեղակայվել հարավում։

Հունիսի 18-ին Վաշինգտոնի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Իրանը պահանջել էր Լիբանանում պատերազմի դադարեցում, սակայն համաձայնագիրը վերջին շաբաթվա ընթացքում խախտվել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։

Իսրայելի զինված ուժերը գրավել են «բուֆերային գոտին», որը ձգվում է մոտ 10 կմ դեպի Լիբանանի տարածքի խորքերը՝ Իսրայելի սահմանի ամբողջ երկարությամբ։ Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ այդ գոտին անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսային համայնքները «Հեզբոլլահ»-ի հարձակումներից պաշտպանելու համար։

Համաձայն հունիսի 26-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում կնքված համաձայնագրի՝ նախատեսվում է դադարեցնել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը, զինաթափել զինյալ խմբավորումներին, ինչպես նաև լիբանանյան զորքերը տեղակայել երկրի հարավում՝ իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը զուգընթաց։

Սակայն Իսրայելի հարվածները շարունակվել են, իսկ «Հեզբոլլահ»-ը մերժել է համաձայնագիրը, ինչպես նաև զինաթափման ջանքերը: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ իր զորքերը կմնան հարավային Լիբանանում, քանի դեռ «Հեզբոլլահ»-ը մնում է զինված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում