Մանկության մեղեդիներով մեկնարկեց «Կողբ-Վարդավառ»-ի առաջին օրը

4 րոպեի ընթերցում

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»-ի հետ դեպի մանկության ամենապայծառ ու անմոռանալի աշխարհից  մինչև «Վալդակար» անիմացիոն սերիալի հետաքրքիր բացահայտումներ. Տավուշի մարզի Կողբ գյուղում մեկնարկեց  «Կողբ-Վարդավառ» ամենաջրառատ փառատոնը:

Փառատոնի առաջին օրը կազմակերպիչները նվիրել էին փոքրիկներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» ծրագրի շրջանակում հնչեցին հայտնի մուլտֆիլմերի սիրված մեղեդիները, իսկ մեծ էկրանին ցուցադրվեցին դրանց ամենահիշվող դրվագները։

Փառատոնի փոքրիկ հյուրերը նաև հնարավորություն ունեցան դիտելու Kinodaran-ի առաջին անիմացիոն սերիալը՝ «Վալդակար»-ը, որը ստեղծվել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երեխաների համար՝ նպաստելու, որ նրանք վաղ տարիքից լսեն հայերեն, ճանաչեն հայկական պատմություններն ու պահպանեն կապը սեփական արմատների հետ։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Կողբ հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշեց, որ փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ տարին և տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում։

«Վարդավառը Կողբում վաղուց առանձնահատուկ ձևով են նշում՝ անկախ փառատոնից։ Մենք որոշեցինք այդ ավանդույթը դարձնել ավելի լայնամասշտաբ և բոլորին հրավիրել միասին տոնելու Վարդավառը։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն։ Վերջին տարիներին ունեցել ենք շուրջ 10-12 հազար այցելու, և այս տարի ևս ակնկալում ենք նման մասնակցություն։ Տեսնում ենք, որ տարեցտարի աճում է ինչպես այցելուների, այնպես էլ զբոսաշրջիկների հետաքրքրությունը»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ փառատոնն ունի երկու հիմնական նպատակ՝ մշակութային և տնտեսական։

«Ամեն տարի փառատոնն ունի իր գաղափարական ուղերձը։ Այս տարվա թեման «Սեր և ջուր»-ն է՝ հիմնված Կոմիտասի համանուն բանաստեղծության վրա։ Մեզ համար սերը խորհրդանշում է միասնությունը, իսկ ջուրը՝ ազատությունը։ Սա այն գաղափարն է, որը ցանկանում ենք փոխանցել մեր հյուրերին։

Տնտեսական առումով ևս փառատոնի նշանակությունը մեծ է։ Այդ օրերին ակտիվանում են տեղական արտադրողները, հյուրանոցային և ռեստորանային ծառայությունները։ Շատերն առաջին անգամ են բացահայտում Հայաստանի այս հատվածը, ինչը կարևոր ազդեցություն է ունենում համայնքի տնտեսության վրա»,- նշեց նա։

Անդրադառնալով այս տարվա ծրագրին՝ Մարիա Պետրոսյանը նշեց, որ կազմակերպիչներն ամեն տարի փորձում են նորություններ ներկայացնել այցելուներին։

«Այս տարի առաջին օրը որոշեցինք ամբողջությամբ նվիրել երեխաներին։ Փառատոնի խորհրդանշական հերոսներ Սերիկն ու Ջրիկը փոքրիկներին փոխանցում են այս տարվա ուղերձը, իսկ օրվա գլխավոր իրադարձությունը «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» ծրագիրն էր»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Եզրափակելով խոսքը՝ Մարիա Պետրոսյանն ընդգծեց, որ «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» ծրագրի շնորհիվ երեխաները կծանոթանան և ավելի մոտ կլինեն դասական երաժշտությանը, իսկ «Վալդակար» անիմացիոն սերիալի միջոցով կսովորեն ու կծանոթանան հայոց պատմության կարևոր դրվագներին:

Հայերեն

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

25 տարի ստեղծելով հարմարավետություն․ «Կոնսէլ»-ը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

Մանկության մեղեդիներով մեկնարկեց «Կողբ-Վարդավառ»-ի առաջին օրը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինծառայողների մարզումների կադրեր «ՏՈՐՔ», «ՄԻՀՐ» և «Ատլանտ» համակարգերով

GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին