Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն. ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո

6 րոպեի ընթերցում

Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,  Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:

Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 

Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝

  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան),
  • ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը,
  • ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը,
  • Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը,
  • ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):

Դատախազությունից հիշեցնում են, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 

  • Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
  • «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
  • «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 6-ին և 7-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև, ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև, ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև, ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և «Սեդրակյան Հուսիկ և ընկերներ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝

  • Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
  • Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
  • Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:
Հայերեն

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին