Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք. Նիկոլ Փաշինյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը անկլավ-էքսկլավների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Հայաստանի հետ սահմանազատման թեմային, նշել էր, որ այդ առնչությամբ կողմերի միջև ձեռք են բերվել նաև մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն` սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ անկլավային գյուղերին առնչվող հարցերը կստանան իրենց լուծումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով անկլավ-էքսկլավների թեմային, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր կիսատ մնացած հարցերը պետք է լուծվեն։
«Անկլավ-էքսկլավների թեմայի մասին ես խոսել եմ, այդ թվում՝ նախընտրական շրջանում։ Եվ մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք, և ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով, մեղմ ասած, շահագրգռություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և Հայաստանի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների։ Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, դա արդեն քննարկման հարց է։ Մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործմամբ, չկիրառվի։ Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա.
«Տարբերակ մեկ՝ տարածքը որևէ անկլավի կամ էքսկլավի կարգավիճակով շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է։ Երկրորդ տարբերակ՝ մենք պայմանավորվում ենք և, օրինակ, այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Այսինքն՝ դրա պրոցեդուրարներն էլ են նախատեսված և Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված կարգով մենք պետք է այդ թեմային անդրադառնանք»,- մանրամասնել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև ուշադրություն է հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա։ Նա շեշտել է, որ մեկ կամ մեկուկես ամիս առաջ է իմացել, որ Ադրբեջանի դրամի վրա և անձնագրերում արտահայտված է Ադրբեջանի քարտեզը, որտեղ Արծվաշենը նշված է ուրիշ գույնով և արձանագրված է որպես անկլավ, տարածք, որն Ադրբեջանին չի պատկանում։
«Սա շատ կարևոր նրբություն է, և կարծում եմ, որ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև դա է բխում պայմանավորվածություններից և նախաստորագրված համաձայնագրի տեքստից։ Սա փաստ է, որը շատ էական է, այդ թվում՝ մեր քաղաքականությունները, վերաբերմունքը, դիրքորոշումը մշակելու առումով, որովհետև մենք պետք է հասկանանք, որ սա կարևոր նրբություն ունեցող հարց է, որը հետևյալն է ազդարարում՝ մենք պետք է ոչ թե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ով ինչ առել է իր վերահսկողության տակ, դա է պատկանում է իրեն,այլ մենք պետք է առաջնորդվենք խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։