ԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտ. իրանական կողմը հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու նպատակով։ Ամերիկյան հարվածներից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM) հայտնել են, որ իրենց հարվածները պատասխանն են եղել նախօրեին Հորմուզի նեղուցով անցնող երեք բեռնանավերի վրա իրականացված հարձակմանը։ Ուշագրավ է, որ այդ հարձակումները տեղի էին ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց, երբ նա հայտարարել էր, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարը, իր կարծիքով, «ավարտված է»։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ հետագա կերպով սահմանափակելու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությանը սպառնալու նրա հնարավորությունները։ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Իրանին միջազգային կարևոր ջրային ուղով ազատ տեղաշարժվող առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմերի դեմ վերջին անհիմն ագրեսիայի համար»,- X-ում գրել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի հրամանատարությունը։

Հրամանատարությունից հայտնել են, որ վերջին հարվածների ընթացքում թիրախավորվել է Իրանի շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներ, ինչպես նաև Իրանի ափամերձ գոտում գտնվող ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ։ 

Այս հարվածներից Իրանի որոշ հատվածներում դադարել է էլեկտրամատակարարումը։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև զոհերի մասին։

Ի պատասխան՝ Իրանը երկրորդ օրն անընդմեջ հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որսում է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, իսկ Կատարը միառժամանակ հայտարարել էր «անվտանգության սպառնալիքի բարձր մակարդակ»։

«ԱՄՆ-ն դեռ չի հասկացել, որ ճնշումն ու սեփական պարտավորությունների խախտումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թող հստակ լինի. եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո»,- X-ում գրել է Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Թուրքիայում հուլիսի 8-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հարցին, թե արդյոք փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ, Թրամփը պատասխանել էր. «Շատ հետաքրքիր հարց է։ Իմ կարծիքով՝ այն ավարտված է։ Ես չեմ ցանկանում այլևս գործ ունենալ նրանց հետ»։

«Եթե մենք համաձայնագիր կնքենք Իրանի հետ, վստահ չեմ, որ այն կպահպանվի։ Իմ կարծիքով՝ նրանք շատ անազնիվ մարդիկ են»,- ավելի ուշ հավելել էր Թրամփը։

Նա հավելել էր, որ չի կարծում, թե պատերազմը կվերսկսվի․ «Ինչ էլ տեղի ունենա, շատ արագ կավարտվի... և միայն կբարձրացնի անվտանգությունը, այդ թվում՝ նավթի մատակարարումների համար»։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար