Մոլդովայի նախագահը նոր վարչապետի պաշտոնակատար է նշանակել. Moldpres
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ստորագրել է հրամանագիր՝ փոխվարչապետ և տնտեսական զարգացման և թվայնացման նախարար Եվգենիու Օսմոչեսկուին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Նա կկատարի կառավարության ղեկավարի պարտականություններն անցումային շրջանում՝ 2026 թ. հուլիսի 8-ից մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Այս շաբաթ Մայա Սանդուն պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ՝ վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելու համար։ Այնուհետև առաջադրված թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարման ծրագիրը և ապագա նախարարների կաբինետի կազմը՝ վստահության քվե ստանալու համար։ Օրերս Սոցիալիստների կուսակցությունը և Ազգային այլընտրանքային շարժում կուսակցությունը հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդակցություններին։
Հուլիսի 3-ին Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարեց, որ ութ ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական է տալիս։ Հանրապետության սահմանադրության համաձայն՝ երբ վարչապետը հրաժարական է տալիս, հրաժարական է տալիս նաև ամբողջ կառավարությունը, իսկ մինչև նոր կառավարության անդամների երդմնակալությունը պաշտոնաթող կաբինետը կատարում է միայն հանրային գործերի կառավարման գործառույթները։