Մարզեր

Մարիամ իշխանուհու ոստան Շողագավանքը և շրջակայքի պատմական գերեզմանոցը

25 րոպեի ընթերցում

Մարիամ իշխանուհու ոստան Շողագավանքը և շրջակայքի պատմական գերեզմանոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղը Հայաստանի հնագույն, պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող բնակավայր է, որը գործել է հազարամյակներ շարունակ` հին քարե դարից մինչեւ նորագույն ժամանակները։ Հուշարձանների պահպանության պետական ցանկում Ձորագյուղից հաշվառված է Ք․Ա․ 3-2-րդ հազարամյակներով թվագրվող 1 ամրոց, 2 դամբարանադաշտ, 1 քարայր-կացարան, միջնադարյան 3 գյուղատեղի, 3 մատուռ, 6 եկեղեցի, 237 խաչքար-տապանաքար։

Ձորագյուղը գտնվում է Սեւանա լճի հարավային ափին, Գեղամա լեռնաշղթայի արեւելյան  փեշին, ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։

Հայ մատենագրական աղբյուրներում Ձորագյուղը հիշատակվում է Շողագա կամ Շողվագ տարբերակով, որը մեզ  է հասել հայ նշանավոր պատմիչներ Հովհաննես Դրասխանակերտցու, Ասողիկի եւ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած պատմագրական տեղեկությունների շնորհիվ։

Այս գյուղը շատ առումներով կապված է Գեղամա երկրի փառավոր իշխանուհի Մարիամ Բարեպաշտի անվան ու գործունեության, անգամ՝ վերջին հանգրվանի հետ, ու դրանով էլ շատ ավելի է մեծանում նրա քաղաքական, պատմական, տնտեսական, մշակութային ու  հայապահպան կշիռը։

Ըստ պատմագրական տեղեկությունների՝ Շողագայի տնտեսական ու մշակութային վերելքը սկսվում է 9-րդ դարից, երբ Բագրատունյաց արքայատոհմի հիմնադիր Աշոտ Առաջին Բագրատունու դուստր, Սյունյաց տիրուհի  Մարիամը արաբ իշխանի լծից փրկագնում է ողջ գյուղը ու այն նվիրում իր հովանավորությամբ կառուցված Շողագավանքին։ Վանքի կառուցման ավարտն ու բացումը համընկել է Աշոտ Առաջին Բագրատունու թագադրման արարողության հետ։ Արաբական բռնատիրության տապալումից հետո սկսվել է հայկական պետության վերելքը, որտեղ բավականին նշանակալի դեր են խաղացել Մարիամ  իշխանուհին, իր ամուսին Վասակը, որդիներ Գրիգոր Սուփանն ու Սահակը։   

Շողագավանքի շրջակայքի պատմական գերեզմանոցի մատուռում էլ ամփոփված է փառավոր հայ արքայադստեր ու իշխանուհու աճյունը։  

Շողագավանքը համարվում է հայկական միջնադարյան պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ իր ինքնատիպությամբ, ճարտարապետական լուծումներով, քանդակների շքեղությամբ, այլ առանձնահատկություններով։ Թեպետ այն  մեզ հասել է կիսակործան  վիճակում՝ առանց ծակի ու գմբեթի, հարավային ամբողջական պատի, սակայն նման տեսքի մեջ անգամ այն արտացոլում է անկրկնելի վեհություն ու շքեղություն, քանդակագործական ու ճարտարապետական արվեստի բացառիկ նմուշ, որով միայն ու միայն կարելի է հպարտանալ մեզանից ավելի քան 1150 տարի առաջ ապրած հայ ճարտարապետներով, քանդակագործներով ու քարագործ վարպետներով, նրանց մտքի փայլատակումներով ու հրաշագործ ձեռքերով։  

Շողագավանքը կառուցվել է մոխրագույն տուֆի  կանոնավոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի այն  եռաբսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է ։ Ճակատները մշակված են եղել հատվածքում կիսաշրջանաձև զույգ խորշով, որը եզակի երևույթ է համարվում հայկական ճարտարապետության մեջ։ Շողագավանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հյուսիսային պատին պահպանվել են շինարարական արձանագրության առանձին բեկորներ։

Պատմաճարտարապետական այս հրաշալիքը կանգուն ու գործող  է մնացել մինչեւ 1679 թվականը՝ կործանվելով Գառնիի աշխարհավեր երկրաշարժից, որի մասին դառնակսկիծ հիշատակություն է թողել հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցին։ Նա այդ արհավիրքի ժամին գտնվել է Հովհաննավանքում ու միայն հրաշքով է կարողացել փրկվել։  

 

Նշենք, որ Գառնիի 1679 թվականի  հունիսի 4-ի կործանարար երկրաշարժը` 9-10 բալ ուժգնությամբ, ավերել է Երեւանի Նորքի, Քանաքեռի, Նորագավիթի, Նորագյուղի, Ձորագյուղի եւ այլ շատ բնակավայրերի աշխարհիկ ու հոգեւոր շինությունները: Ամբողջովին ավերվել է Գառնի գյուղը, որտեղ զոհվել է 7600 մարդ, իսկ Քանաքեռում զոհվել է 1228 մարդ:

«Ցերեկվա ժամը մեկին երկինքն այնպես գոռաց, ինչպես ամպերն են որոտում։ Գոռալուց հետո ահագին դղրդյունով շարժվեց Արարատյան երկիրը։ Այս երկրաշարժը եղավ Գառնիի կողմից, և փուլ եկան բոլոր շինությունները, գեղեցկահարկ բնակարանները, վանքերն ու եկեղեցիները։ Ահա ավերված եկեղեցիները․Աղջոց վանքը, Այրիվանքը, Հավուց թառը, Տրդատակերտը, Խոր Վիրապը, Ձագավանքը եւ այլն․․․Բազմաթիվ գյուղեր քանդվեցին, Քանաքեռ գյուղում հավի մի բույն անգամ չմնաց․․․Մեռելներն ավելի շատ էին, քան կենդանի մնացածները․․․»,-գրում է Զաքարիա Քանաքեռցի պատմիչը։

Դժվար չէ կռահել, որ երկրաշարժի էպիկենտրոն հանդիսացող Գառնի գյուղից, որը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի մյուս փեշին, հարվածի ալիքը հասել է նաեւ Շողվագ գյուղ ու հիմնովին կործանել Շողագավանքը՝ այն ճեղքելով-բաժանելով երկու կեսի։ Կառույցի հյուսիսակողմը մնացել է բլրի վրա կանգնած, իսկ ահա հարավային կողմը բլրի հետ միասին սահել, փլվել  ու թափվել է  ցած։ Թեեւ չկա հիշատակություն վանքի միաբանությունում ու գյուղում մարդկային զոհերի ու աղետների մասին, սակայն անառարկելի է, որ նման ուժգնության բնական արհավիրքը չէր կարող ավարտվել առանց ողբերգությունների։ Բայց  պակաս ողբերգական չի եղել եւ այն, որ Շողագավանքն  այլեւս անհնար է եղել վերականգնել նման վիթխարի ավերածության պատճառով։ Ավելին, կործանված սրբատաշ ու քանդակազարդ քարերը հետագայում օգտագործվել են Ձորագյուղի Մասրուց Անապատ ու Սուրբ Աստվածածին եկեղեցիների վերանորոգման նպատակներով՝ արդեն բացառելով այս վեհաշուք կառույցի վերականգնման  որեւէ փորձ։

Խորհրդային տարիներին անվանի գրող, երգահան, ազգագրագետ, հայագետ,  երջանկահիշատակ Հայրիկ Ղազարյանը, համագործակցելով Հուշարձանների պահպանության պետական կոմիտեի եւ անվանի հայագետ, վիմագրագետ Սուրեն Սաղումյանի հետ,  շատ ջանքեր գործադրեց Շողագավանքի պահպանված պատի հիմքերի ամրակայման ուղղությամբ։ Հարավային, արեւմտյան ու արեւելյան կողմերից տեղակայվեցին հսկայական չափերի քարեր, որի շնորհիվ էլ կանխվել է  հետագա սողանքի ու պահպանված պատի փլուզման վտանգը։

Բնական նման արհավիրքին նախորդել կամ հաջորդել են քաղաքական արհավիրքները, որոնք Շողվագ բնակավայրը հասցրել են լիակատար ամայացման ու հայազրկման։ Այդ մասին կարդում ենք 17-րդ դարի հայ մատենագիր Առաքել Դավրիժեցու պատմության մեջ, որտեղ նա դառնակսկիծ հառաչանքով ներկայացնում է հայ ժողովրդի կրած չարչարանքները պարսից Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի, ինչպես նաեւ՝ Ջալալիների ձեռնարկած արշավանքների ժամանակ։       «Արդ՝ այս բոլոր գավառները և նրանք, որ սրանց հետ էին, շահը հրամայեց՝ քշեցին տարան Պարսկաստան, և հայոց վայելչատես աշխարհը ավերակ ու անմարդաբնակ դարձրեց․․․Նաև տեսնում եմ քաղցրաշունչ, առողջարար ու կենսապարգև օդը ու սրա հողմը։ Եվ սրա այլ ամեն վայելչությունները տեսնելով, հեղձամուղձ լինելով փղձկում եմ և արտասվելով ողբում ու կսկծում եմ, որովհետև անապատ եղավ մեր վայելուչ ու քաղցր երկիրը։ Եվ մեր հայրենի ու բնիկ Ժառանգություններից, օրհնված երկրից, որ լիքն էր աստծու սրբերի մասունքներով, ոռոգված էր սուրբ մարտիրոսների արյունով և օրհնված էր սուրբ առաքյալների քարոզներով, եղան վտարանդի ու տարագրված օտար երկիր, այլացեղ և այլալեզու ազգերի մոտ, որոնք հոգու և հավատի թշնամիներ են ու մարմնի արյան ծարավի։ Նրանք այնտեղ օրավուր քիչ-քիչ նվազում են, ոմանք մահվամբ ու կորուստով, ոմանք հավատի ուրացությամբ դառնում են պիղծ անապատի անօրեն կրոնին։ Իսկ երկնանման ու դրախտակերպ եկեղեցիներին ի՞նչ ասեմ, որոնք մնացել են խավարում, բնակիչներից թափուր են դարձել, մերկացել են զարդերից, եղել են համբարուների ու ջայլամների հանգրվաններ, ըստ մարգարե Եսայու՝ դարձել են աղվեսների, նապաստակների որջեր, խաշների ու խոշոր անասունների մակաղատեղի, թռչունների ու ավերաբնակ բվերի բներ։ Փոխանակ օրավուր նորոգման, օր առ օր խարխլվում, քայքայվում, ավերվում ու փլուզվում են։ Փոխանակ անուշահոտ խունկերի բուրման լցվում են ողբերով, լռել են փառաբանիչների ձայները, տարեկան տոների ասմունքները և փրկական պատարագների նվիրաբերումները»,-նկարագրում է Առաքել Դավրիժեցին։

Պակաս աղետաբեր չեն եղել նաեւ Օսմանյան Թուրքիայում ձեւավորված ապստամբ Ջելալիների արշավանքնեը Հայաստանի վրա, որոնց արդյունքում ամայացել է նաեւ Գեղարքունիք գավառը։ «Ապա ջալալիները մտածեցին գնալ Գեղամա գավառը, որ Գեղարքունիքն է, քանզի գիտեին, որ այնտեղ են ցորենի ու գարու ամբարները և ոչխարների հոտեր ու խոշոր անասունների նախիրներ, այսինքն՝ պախրեներ, շատ կան։ Այս պատճառով ջալալիներից շատերը ելան գնացին Գեղամա գավառը և բազմաթիվ գյուղեր կողոպտելով ավարեցին․․․Բազմաքանակ անասուններ՝ հոտով ոչխարներ, նախիրներ, երամակով ձիեր քշած բերում էին։ Երբ երկու օրվա ճանապարհ եկան, քանի որ այս գործողությունները կատարվում էին ձմռանը, իսկ այդ ձմեռը ծանր էր ու ձյունաշատ, այդ պատճառով բոլոր անասունները հոգնած մնացին ճանապարհին և ձյան շատությունից ու թանձրությունից չէին կարողանում գնալ։ Այս պատճառով մնացած գրաստների բեռները շալակ-շալակ բաժանեցին և դրին գերիների՝ տղամարդկանց, կանանց, տղաների շալակները։ Եվ այսպես սարը անցկացնելով հասցրին Կարբի գյուղը: Բայց թե ժողովուրդը որքան դաժան աղետի ու փորձության ենթարկվեց այս գործից, ոմանց ձեռքերը, ոտքերը, քթերը ցրտահարվեցին, ոմանք մարմնի մասերով հոդախախտ եղան, իսկ ուրիշները սառնացուրտ, դառնաշունչ օդը շնչելուց սառեցին, այնտեղ իսկ ճանապարհին մնացին, մեռան։ Իսկ այլ ուրիշներ ցորեն շալակած կանանց մասին ասում էին՝ ծանր բեռից հոգնած, ցրտից ուժասպառված, կյանքից վհատված չէին կարողանում գնալ. շալակով նստում էին ձյան վրա, այդպես մնում ու մեռնում էին։ Եվ այսպես, ովքեր ճանապարհին մեռան, մեռան, իսկ ովքեր մնացին, բոլորին բերին հասցրին Կարբի: Ոմանց փողով վաճառեցին, ոմանց պահեցին գործերի ծառայության համար։ Իսկ ջալալիները այսպես մնացին մինչև գարուն՝ հասան մոտ համբարձման օրերին։ Ապա այնտեղից ելան գնացին Ախալցխայի գավառը, այնտեղ էլ այդ գործն էին կատարում»,-հայ ժողովրդի հանդեպ եղերական այդ գործողությունների մասին տեղեկանում ենք Առաքել Դավրիժեցու մատյանից։

Բնական է, որ այս բոլոր սարսափների միջով անցել է նաեւ Շողվագը՝ սպասելով Տիրոջ գալստյան երանավետ պահին, սակայն հայտնվելով դժոխային, մարդակեր ցեղերի հոշոտող ճիրանների մեջ։

Երվանդ Լալայանը հիշատակում է, որ 1606 թվականին, ըստ մատենագիտական տեղեկությունների, այս վանքի առաջնորդն է եղել Դավիթ Եպիսկոպոսը, որ ոտանավոր գրվածքով ողբացել է Շահ Աբասի հրամանով կատարված գերեվարությունը եւ այդ ժամանակ տեղի ունեցած սոսկալի սովը։ Նաեւ այս վանքի առաջնորդը 1670 թվականին եղել է Մկրտիչ եպիսկոպոսը, որի արտագրած ավետարանը 1910-ական թավականներին պահպանված է եղել Սեւանի վանքում։

«Եկեղեցու արեւմտյան կողմում կա մի փոքրիկ մատուռ, որ, ամենայն հավանականությամբ, լինելու է Մարիամ տիկնոջ դամբարանը։ Սա շինված է սեւ եւ կարմիր սրբատաշ քարերով, 8,5 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ ու 4,5 մետր բարձրությամբ։ Արեւելյան կողմում ունի մի կիսաբոլոր կոզակ, սեղանով ու առանց խորանների։ Այժմ մնում են միայն հյուսիսային եւ արեւմտյան պատերը, մասամբ էլ արեւելյան պատի կոզակը։ Հյուսիսային պատի մեջ, ներքուստ, կան երեք որմնասյուն, որոնց վրա բոլորում են երկու կիսաբոլոր, պատին կից կամարներ։ Այս հյուսիսային պատի մեջ բացվում է մի դուռ, որի կամարակալ քարի վրա եղել է արձանագրություն, սակայն  ջնջված է, այնպես որ գրերի տեղը հինգ սանտիմետրաչափ փոս է ընկած, կողքերին նկատելի են տառերի հետքեր»,-վկայում է Երվանդ Լալայանը։

Իր «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ նույն կարծքին է հաստատում հայագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը, դարձյալ ենթադրելով, թե Շողագավանքի պահպանված պատի արեւմտյան կողմում պահպանված կիսավեր շինությունը կարող է լինել Մարիամ իշխանուհու դամբարան-մատուռը։

Սակայն այդ կիսավեր մատուռը, որը Շողագավանքի մոտիկ է, բայց նրան կից կառույց չի համարվում ու կարող է կառուցված լինել ավելի վաղ կամ ուշ ժամանակներում, ամենեւին էլ իր ներսում չի ամփոփում Մարիամ իշխանուհու աճյունը։ Շատերի կարծիքով էլ Մարիամ իշխանուհու մարմինն ամփոփված է Շողագավանքից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ գտնվող փոքրիկ մատուռի մեջ, որտեղ մի քանի խաչքարեր կան պահպանված, որոնցից մեկի վրա պահպանված է  արձանագրություն՝ թվագրված 984 թվականով։ Վիմագրությունը վերծանել է Սեդրակ Բարխուդարյանը․ «ՆԼԳ/984/ ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆՍ Ի ԹԱԳԱՎՈՐՈՒԹԵԱՆ․․․․ԵՎ Ի ՀԱՅՐԱԵՏՈՒԹԵԱՆ․․․ՍՈՒՐԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱՒՍ ԱՆՁԻՆ ԻՄՈՅ ԵՒ ԱՐԵՒՇԱՏՈՒԹԵԱՆ ՅՈՎԱՆԻՍԻ․․․»։ Բարխուդարյանի մեկնաբանությամբ՝ հիմնվելով վիմագրությամ  մեջ պահպանված թվագրության վրա, չկարդացվող մասերը վերականգնվում է այսպես՝ թագավորի անունը՝ Սմբատ Տիեզերակալ եւ կաթողիկոսի անունը՝ Խաչիկ Արշարունի։

Ի վերջո, որտե՞ղ է իրականում հանգչում Մարիամ իշխանուհին։ Այս ուղղությամբ շատ երկար ուսումնասիրություն է կատարել երջանկահիշատակ Հայրիկ Ղազարյանը ու եկել այն հետեւության, որ Հայոց մեծ տիկնոջ դամաբարանը գտնվում է Շողագավանքից շուրջ 150 մետր հեռու, պատմական գերեզմանոցի կիսավեր մատուռի մեջ։ Այդ մասին հաստատում է նաեւ Հայրիկ Ղազարյանի որդին՝ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի  ատենապետ Սարո Ղազարյանը։

-Այդ մատուռի մեջ 1960-ական թվականներին մեր գյուղից մի հանգուցյալի են թաղել։ Հայրս փորձել է կանխել, նման բան թույլ չտալ, սակայն չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել։ Իսկ ինչի՞ց ելնելով էր հայրս կարծում, որ դա Մարիամ իշխանուհու դամբարանն է․ նա հենվում էր Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ հիշատակված փաստի վրա, որի համաձայն Մարիամ իշխանուհին թաղված է Շողագավանքից մոտ 150 մետր դեպի արեւմուտք։ Բնական է, որ մատուռը բարձրացել է հենց դամբարանի վրա։ Երբ փորել են այդ հանգուցյալի գերեզմանափոսը, անձամբ  տեսել են  այն սարկոֆագը՝ քարե դագաղը, որի մեջ հենց գտնվում է Մարիամ իշխանուհու մարմինը։ Նույնիսկ նրանցից մեկն արդեն բոլորել է իննսուն տարին ու կարող է վկայել այդ մասին։ Հետո այնպես պատահեց, որ մահացավ մատուռում թաղված այդ մարդու կինը, ու նրան արդեն պետք է ամփոփեին իր ամուսնու կողքին։ Երբ բացում էին  գերեզմանը, արդեն ելնելով հետաքրքրությունից,  ինքս անձամբ եմ գտնվել այդտեղ, տեսել ու լուսանկարել այդ դամբարանը, որը գտնվում է մատուռի մեջ, 1,5 մետր խորության վրա,-վկայեց Սարո Ղազարյանը։  

Շողագավանքի պատմական գերեզմանոցում պետական պահպանության ներքո հաշվառված է 128 խաչքար-տապանաքար, որոնցից 120-ը կերտվել են 9-13-րդ դարերում, մնացածը՝ 14-17-րդ դարերում։ 9-11-րդ դարերում կերտվել է գեղաքանդակ 89 խաչքար-տապանաքար, ու նման շռայլ կոթողների առկայությունը հիմնականում պայմանավորված է Շողվագ բնակավայրի տիրապետող դիրքով, Շողագավանքի հոգեւոր բարձր նշանակությամբ, որտեղ դարերի ընթացքում անգամ փայլատակել ու երբեք չի խամրել Մարիամ իշխանուհու փառքը։  

Շողագավանքի եւ նրա տարածքի պատմական գերեզմանոցի վիմագիր արձանագրությունների վերծանությունն ամփոփված է Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության»  աշխատության մեջ։

Շողագավանքի պահպանված հյուսիսային պատի վրա պահպանվել է միատող արձանագրություն, որը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, պատկանում է Մարիամ իշխանուհուն։ Ըստ Բարխուդարյանի՝ շինարարական արձանագրությունը սկսվել է հարավային պատից,  շարունակվել արեւելյան պատին ու ավարտվել հյուսիսային կողմում։ «Ի թագաւորութեան․․․ կանգնեցի զեկեղեցիս յանուն գլխավոր առաքելոյն Պողոսի․․․Վասն հիշատակի ծնողաց իմոց․․․գնեցի զգիւղն»։ Արձանագրության որոշ բեկորներ ժամանակին օգտագործվել են Մասրուց անապատ եկեղեցու շինարարության մեջ։

Մնացած վիմագրությունները գտնվում են խաչքար-տապանաքարերի վրա։ «ՈՁԳ/1234/ ՅԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՍԵՒԱԴԻ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՅՈՎԱՆԻՍԻ, ԵՍ ՍՈՒՏԱՆՈՒՆ ԵՐԵՑ  ՅՈՎԱՍԱԲՍ ՈՐԴԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔԱՀԱՆԱՅԻ ԽՈՒՐՏԻՐԱ․ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԾՆՈՂԱՑ ԻՄՈՑ․ ՅԱՂՈԹՍ ՅԻՇԵՑԷՔ»։

Գերեզմանատան արեւմտյան մասի մի խաչքար էլ կրում է այս վիմագրությունը․ «Ի ԹՎ ՉԴ/ 1255/ ԵՍ ՈՍԿԵՒԱՆ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԻՆՁ ՈՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՈՒ ԵՂԲԱՅՐ ԻՄՈ ՇԱՐՈՅ․ ՅԱՂՈԹՍ ՅԻՇԵՑԷՔ»։

Վիմագրերում ընթերցվել են նաեւ Ըռզատի, Ղարաճի, Ոսկան Սարկավագի, Բարաթ աղայի, Փանոս աղայի, Բէրամի, Գուլանի, Վարդանիսի, Պարոն Լանէի, Շահմասուր աղայի, Աղաբի, Ջանի, Ավանիսի, Շաղունի, Նանափաշի, Աղազարի անունները։

Հետաքրքիր է 1601 թվականով թվագրվող օրորոցաձեւ տապանաքարի արձանագրության բովանդակությունը․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՄԿՐՏՉԻՆ ։ՌԾ։ ԹՎԱԿԱՆԻ ։Ա։ ԱՒՐՆ ՄԵՌՕ․ ՔՐԻՍՏՈՍ ՅԻՇԵՑԵՔ․ ՁԵՌԱՄԲ ԴԱՎԻԹ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ․ ՀՈՐԵՂԲՈՐ ՍՈՑԱ»։ Խաչքարերից մեկի վրա էլ արձանագրված է Պախշայիշ կազմողի անունը։

Շողագավանքի պատմական գերեզմանոցը, Շողագավանքի կիսավեր պատի հետ միասին, բաց երկնքի տակ մի անկրկնելի թանգարան է հիշեցնում, որտեղ ներդաշնակորեն մեկտեղված են հայկական գրերն ու քանդակների խորհրդավոր  գծերը, կենցաղային պատկերներն ու Աստվածաշնչյան մոտիվները, գեղարվեստակամ մտահղացումները։

 Գերեզմանային լռության մեջ, սակայն, այցելուների հետ խոսում են անցած դարերը, քարագործ ու քանդակագործ վարպետների թողած հիասքանչ կոթղները, կենսասեր, աստվածավախ, ազգասեր իշխանների ու հոգեւորականների անունները, Աստծո արաքայության ճանապարհը երազող ու կերպավորող ստեղծագործ ձգտումները։  

Մեզ առավել զարմացրեց ու տպավորեց    միջնադարյան գեղաքանդակ խաչքարերի տիրույթում  պահպանված  հեթանոսական ֆալլոսի քանդակը, որին տեղի բնակիչները կոչում են «Պորտաքար»։  Ձորագյուղի բնակիչ, 63 տարեկան  Հակոբ Հակոբյանի ներկայացմամբ՝  այդ  Պորտաքարին ուխտի են եկել տարածքում կամ այլ վայրերում բնակվող չբեր կանայք, որպեսզի կարողանան մայրանալ։

«Այս Պորտաքարն այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը։ Ես մեծերից եմ լսել, որ չբեր կանայք շատ են այցելել այստեղ ու նստել Պորտաքարի վրա, որն իրենից ներկայացնում է տղամարդու սեռանդամի քանդակ։ Նրանք հիմնականում եկել են գիշերով կամ այն պահերին, երբ տարածքում մարդկանց չեն նկատել։ Չի էլ բացառվում, որ ավանդույթի ուժով այսօր էլ գտնվեն այստեղ այցելող չբեր կանայք, որոնց տանջում է մայրանալու հոգսը։ Շողագավանքի գերեզմանոցում առկա են գեղաքանդակ, շքեղ տեսքով հարյուրից ավելի խաչքար-տապանաքարեր, որոնք կերտվել են 9-17-րդ դարերի ընթացքում, սակայն նրանց մեջ իր բացառիկ տեղն ունի նաև այս հուշարձանը, որը բնական է, կերտվել է շատ ավելի հեռավոր ժամանակներում՝ հայ հեթանոսական դարաշրջանում՝ հրաշքով պահպանվելով քրիստնեական հուշարձանների կողքին»,-ներկայացրեց Հակոբ Հակոբյանը։

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում գտնվող Պորտաքար-ֆալլոսի քանդակն ունի ավելի քան  1 մետր երկարություն ու 40 սանտիմետր լայնություն։ Այն կերտված է տեղական բազալտ քարից ու գտնվում է գետնատարած դիրքում։ Չի բացառվում, որ այն ավելի վաղ ժամանակներում եղել է կանգնեցված վիճակում։

Ձորագյուղի Պորտաքար-ֆալլոսի մասին որևէ հիշատակություն չկա ինչպես պատմական աղբյուրներում, այնպես էլ Ձորագյուղում ուսումնասիրություններ կատարած հնագետների աշխատություններում։ Պետական պահպանության հուշարձանների ցանկում էլ այն հաշվառված չէ։ 

Ֆալլոսի պաշտամունքը Հին Հայաստանում տարածված է եղել անհիշելի ժամանակներից։ Ֆալլոսը՝ բնության բեղմնավորումն ու վերածնությունը խորհրդանշող քարը, բնորոշ է եղել Հայաստանի պաշտամունքային սրբավայրերին, որոնք առկա են եղել Լճաշենում, Մեծամորում, Օշականում, այլ տեղերում։

Ֆալլոսի գոյությունը Շողագավանքի տարածքի գերեզմանոցում արդեն իսկ փաստում է, որ պաշտամունքային այս վայրը գործել է դեռեւս հեթանոսության ժամանակներում, քաղաքակրթական տարբեր միջավայրերում, իսկ Շողագավանքը պարզապես 9-րդ դարում կառուցվել կամ վերակառուցվել է մեկ այլ հոգեւոր շինության հիմքերի վրա։ Մեզ բավականաչափ տպավորեց նաեւ Յոթ քույրերի խաչքարերի սրբավայրը, որը գտնվում է Շողագավանքի գերեզմանոցի հարավային կողմում, Հակոբ Հակոբյանի  տնամերձ հողամասում, Շողվագ գետի ափից քիչ հյուսիս, մարդակային աչքից մի տեսակ քողարկված վայրում։

Հողե թմբի տակ, մի ծառի շվաքում ու բարձրացած կանաչների մեջ թաքնված էին գեղաքանդակ յոթ խաչքարերը, որոնք իրենց կերտվածքով նման են իններորդ դարի խաչքարերին։

Խաչքարերի դիմաց բխում է պաղպաջուն աղբյուրը, որն առավել սրբացնում է թե՛ տեղանքը, թե՛ դարերի հեռվից մեզ հասած պատմամշակութային հրաշալիքները։

Խաչքարերին կպած մոմերի մնացորդները հուշում են, որ այս սրբավայրը շատ այցելուների է ձգում  իրեն։

Հակոբ Հակոբյանի պատմելով` ինչպես լսել է իր մեծերից, այստեղ ամփոփված են յոթ քույրերի մարմինները, ու ամեն խաչքար կանգնեցված է նրանցից յուրաքանչյուրի պատվին։ Ամենայն հավանականությամբ, նրանք հանուն հավատի սրբացած նահատակներ են։

-Այս աղբյուրին Գըռի աղբյուր են կոչում, քանի որ սրա ջուրը բուժիչ է բորոտ, մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, որոնց մեր բարբառով «Գըռոտ» են կոչում,- ասաց Հակոբ Հակոբյանը։

Գողտրիկ այս անկյունը տարածվում է կանաչազարդ մի ձորի մեջ, որով հոսում է Շողվագ գետը, որի հարավային, արեւմտյան ու արեւելյան բարձունքները ներկայանում են շռայլ ու բացառիկ բնապատկերներով։

Բնական է, որ Յոթ քույրերի խաչքարերն էլ Շողագավանքի ու նրա տարածքի գերեզմանոցի պատմության անբաժան մասն են կազմում, այնպիսի  հարուստ պատմության, որի շատ գաղտնիքներ դեռ թաղված են մնում հողի տակ կամ անհայտության մշուշներում, բայց սպասում են իրենց բացահայտման ու խոսելու հերթին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում