Լեհաստանը հայտնել է, որ 2022 թվականից ի վեր 4,5 միլիարդ դոլարի զենք է փոխանցել Ուկրաինային
2 րոպեի ընթերցում

Լեհաստանը 2022 թ. փետրվարին Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր Կիևին է փոխանցել 16,4 միլիարդ զլոտի (մոտավորապես 4,5 միլիարդ դոլար) գումարի զենք և ռազմական տեխնիկա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ տրանշների մեծ մասը՝ 14,9 միլիարդ զլոտի (4,1 միլիարդ դոլար), Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարվել 2022-2023 թվականներին՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության օրոք։ Հանրապետության ներկայիս իշխանություններն Ուկրաինային են փոխանցել 1,5 միլիարդ զլոտիի (0,4 միլիարդ դոլարի) ռազմական օգնություն, նշել է նախարարը։
Կոսինյակ-Կամիշը նաև հաստատել է, որ Վարշավան, իրոք, Կիևին է փոխանցել հրթիռներ Patriot համակարգերի համար։ «Դաշինքի (խմբ.՝ ՆԱՏՕ-ի) գլխավոր քարտուղարի և Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության առաջարկով և խնդրանքով, (Patriot համակարգերի) օգտագործողների խմբի հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել Patriot հրթիռներ (Կիևին) փոխանցելու մասին: Փոխանցված քանակը չի գերազանցում մեր հնարավորությունների սահմանները և չի ազդում Լեհաստանի հակաօդային պաշտպանության ներուժի վրա», - ասել է Կոսինյակ- Կամիշը։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը որոշում էր ընդունել գաղտնազերծել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումներն այն բանից հետո, երբ ընդդիմության մի շարք քաղաքական գործիչներ և նախագահ Կարոլ Նավրոցկու վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կառավարությանը մեղադրել են Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ փոխանցելու մեջ: