Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելի կառավարությունն առաջնորդվել է նախ իր նեղ քաղաքական շահերով․ քաղաքական վերլուծաբան

7 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ կան մի քանի պատճառներ, թե ինչու Իսրայելում հատկապես ներկա փուլում որոշում կայացվեց կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձավ տարածաշրջանային իրողություններին, գլոբալ զարգացումներին և ներիսրայելական քաղաքական գործընթացներին, որոնցով էլ պայմանավորված է իսրայելական կողմի գործելակերպն ու որոշումը։    

«Նախևառաջ աննախադեպ լարվածության են հասել Իսրայելի և Թուրքիայի փոխհարաբերությունները։ Երկկողմ քաղաքական փոխհրաձգությունը հասել է ամենաբարձր մակարդակի, երկու երկրների իշխանությունները շարունակում են կտրուկ քննադատել մեկը մյուսին՝ ներկայացնելով փոխադարձ մեղադրանքներ։ Երբ Իսրայելը 2023 թվականին պաղեստինցիների դեմ սկսեց ռազմական գործողությունը Գազայի հատվածում, Թուրքիան այդ ժամանակից ի վեր դարձավ Իսրայելի իշխանություններին ամենախիստ քննադատող տարածաշրջանային ու մահմեդական երկրներից մեկը, և այդ ուղեգիծն այս պահին հասել է գագաթնակետին։ Երբ թուրքական կողմն Իսրայելի իշխանություններին մեղադրում է պաղեստինցիներին ցեղասպանելու մեջ, հակառակ կողմն էլ պատասխանում է՝ հղում անելով Թուրքիայի պատմությանը, այն է՝ Օսմանյան կայսրության օրոք հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը՝ օրակարգ բերելով դրա ճանաչման հարցը»,- ասաց Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ երեք տարիների ընթացքում Իսրայելի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նեթանյահուն, անընդհատ անդրադարձել են տվյալ խնդրին, իսկ ներկայում արդեն կառավարության մակարդակով հաստատվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը և արդեն քննարկվում է խորհրդարանի՝ Կնեսեթի օրակարգ մտցնելու և համապատասխան օրենքի տեսքով ընդունելու հարցը։

«Մյուս հանգամանքը պայմանավորված է ավելի լայն համատեքստով։ Վերջին շրջանում ակտիվացել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները։ Վաշինգտոնը մտադիր է թուրքական կողմին վաճառել F-35 կործանիչներ կամ առնվազն Թուրքիային տրամադրել շարժիչներ՝ թուրքական արտադրության կործանիչների համար, ինչը, սակայն, Իսրայելի համար լուրջ ռազմավարական խնդիր է։ Իսրայելն իր պատմության ողջ ընթացքում միշտ տարածաշրջանում ձգտել է օդային գերակայության, հետևաբար եթե Թուրքիային հաջողվի կյանքի կոչել վերոհիշյալ գործարքը, ապա դա շատ լուրջ խնդիրներ կառաջացնի Իսրայելի համար։ Չի բացառվում, որ Իսրայելի ակտիվացման պատճառներից մեկն էլ պայմանավորված է հենց նման զարգացումը կանխելու նպատակով»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։  

Պետրոսյանի դիտարկմամբ՝ վերջին հանգամանքը կապված է Իսրայելում ընթացող ներքաղաքական գործընթացների հետ։ Իսրայելը գտնվում է նախընտրական շրջանում, հոկտեմբերին կայանալու են խորհրդարանական ընտրությունները, հետևաբար գործող կառավարության նպատակն է իր նախընտրական քարոզչական ուղեգիծը կառուցել երկրի համար անվտանգային մարտահրավերների վրա՝ դրանց դիմագրավելու նպատակով ամբողջ բնակչությանը կոնսոլիդացնելու անհրաժեշտության շեշտադրմամբ։

«Դա է պատճառը, որ կրկին ակտիվացել են ու կենտրոնացել արտաքին հակառակորդներին թիրախավորելու վրա։ Օրինակ՝ իրանական խնդրին զուգահեռ, Իսրայելի կառավարությունը փորձում է ցույց տալ, որ իր համար շարունակում է օրակարգային մնալ ինչպես Իրանից բխող անվտանգային մարտահրավերը, այնպես էլ լիբանանյան «Հըզբոլլահ»-ից, Սիրիայում իշխող վարչակարգից ու հիմա էլ Թուրքիայից բխող անվտանգային մարտահրավերները։ Բազմաթիվ հակառակորդներին դիմագրավելու նպատակով՝ Նեթանյահուն և նրա կառավարությունը փորձում են հասարակության ուշադրությունը սևեռել շարունակվող անվտանգային խնդիրների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե չի՞ ձգտում արդյոք Իսրայելն իր քայլով սեպ խրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ Պետրոսյանն ընդգծեց, որ բնականաբար, վերոհիշյալ թեման որոշակի ազդեցություն կունենա այդ գործընթացի վրա։

«Բայց Իսրայելի որոշումը և քայլերը բացառապես Թուրքիա-Իսրայել հարաբերությունների համատեքստում են, այլ ոչ երրորդական գործընթացների վրա ազդելու նպատակ են հետապնդում։ Իր որոշմամբ՝ Իսրայելի կառավարությունը ցանկանում է պարզել Թուրքիայի հետ իր հաշիվները և չունի այնպիսի շահեր, որոնցից բխի, օրինակ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ձախողումը կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հերթական լարվածության առաջացումը։ Իսրայելը նման հեռահար ծրագրեր չունի և կենտրոնացած է բացառապես սեփական խնդիրների ու Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու վրա»,- ասաց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանության փաստն անկեղծ մղումներով ճանաչելու գործընթաց նախաձեռնելուց առաջ անհրաժեշտ էր գոնե որոշակի կապ հաստատել ՀՀ իշխանությունների հետ կամ ինչ-որ քննարկումներ անցկացնել իսրայելահայ համայնքի հետ։

«Ավելին, այս գործընթացը նախաձեռնելուց առաջ Իսրայելի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Այսինքն՝ նրանք այս հարցը համակարգել են Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով բացատրել Ադրբեջանին և այդ կերպ զսպել վերջինիս հնարավոր քայլերը, պատասխանները կամ Ադրբեջանում խնդրին միջամտելու փորձերը, հետևաբար չեմ կարծում, որ այստեղ Հայաստանի և հայկական օրակարգի հետ կապված առաջնահերթություն է հետապնդում Իսրայելը, այլ  վերոհիշյալ քայլը բացառապես պայմանավորված է սեփական նեղ քաղաքական շահերով», - եզրափակեց Պետրոսյանը։      

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու` երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարի նախագծին։ Կառավարությունը պաշտոնապես կտեղեկացնի Քնեսեթին և կձգտի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել օրենսդիր մարմնի լիագումար նիստի քվեարկությանը։ 

Հայերեն English Русский