2 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Ես խոսեցի Գերմանիայի կանցլեր Մերցի հետ: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդին և մեր երկրին ցուցաբերած աջակցության և օգնության համար: Գերմանիան աշխարհի առաջատարներից մեկն է կյանքերի պաշտպանության գործում, և մենք խորապես գնահատում ենք դա։ Այժմ գլխավոր առաջնահերթությունը Patriot համակարգերի համար հրթիռներն են՝ մեր ժողովրդին ռուսական բալիստիկ հարձակումներից պաշտպանելու համար»,-գրել է Զելենսկին:
Նա հայտնել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Գերմանիայի կանցլերի հետ զրույցի հիմնական թեման է եղել, քանի որ Ռուսաստանը կատարում է իր վերջնական խաղադրույքը Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածների վրա:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կանցլեր Մերցի հետ նաև քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը:
«Ես նրան տեղեկացրի վերջին զարգացումների և մեր արդյունքների մասին: Այժմ, Ամերիկայի Անկախության օրվա նախօրեին, Պուտինը որոշել է ստել աշխարհին և Միացյալ Նահանգների նախագահին ճակատում տիրող իրավիճակի մասին: Նա պնդում է, որ ռուսական ուժերը, իբր, գրավել են Դոնբասում գտնվող Կոստանտինովկան: Իհարկե, դա ճիշտ չէ: Սա պարզապես ևս մեկ ռուսական սուտն է, ինչ-որ նորություն ստեղծելու փորձ: Եթե Կոստյանտինովկան լիներ Ռուսաստանի վերահսկողության տակ, ապա գուցե Պուտինը խնդիր չունենար ինձ հետ այնտեղ հանդիպելու հարցում՝ այս պատերազմը վերջապես ավարտելու դիվանագիտական ճանապարհ գտնելու համար։ Բայց փաստն այն է, որ նա չի անցնի առաջնագիծը. իրականությունը շատ տարբեր է Պուտինի խոսքերից»,-գրել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին՝ Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին պաշտպանելու համար։