Ռուսաստան

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հուլիսի 3-ի երեկոյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող նավթային ենթակառուցվածքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ:

«Երեկ երեկոյան Ռուսաստանի դեմ այս պատերազմի պատճառով մեր ուկրաինական «երկարաժամկետ պատժամիջոցները» հասան Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող թիրախներին: Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածեցին նավահանգստային նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի պատերազմի համար, ինչպես նաև հաջողությամբ հարվածներ հասցվեցին Կրոնշտադտին՝ կարևոր ռազմական թիրախին: Այն Ուկրաինայի պետական ​​սահմանից հեռավորությունը ավելի քան 850 կիլոմետր է»,-գրել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են գործել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ:

«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են։ Գործող շտաբի առաջարկությունների համաձայն՝ ես խնդրում եմ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին մնալ իրենց տներում և դուրս չգալ մինչև անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերացումը»,-ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:

Նահանգապետը հայտնել է, որ հարձակման ժամանակ հարված է հասցվել նավթային տերմինալին, սակայն տուժածներ չկան։

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

ՌԴ պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակումը, հարվածը հասցվել է Կիրովի շրջանում գտնվող նավթային տերմինալի տարածքին, տեխնածին հետևանքները վերացվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում