Ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։
Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն»,– հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։
Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։
Նշված անձը ձերբակալվել է։
Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով։