Պատգամավորն առաջարկում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու դեպքերում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելու դեպքերում
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին պատգամավորի ներկայացրած նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում:
Վահագն Ալեքսանյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրն այն դեպքերի մասով, երբ քաղաքացին համապատասխան զորակոչից կամ վարժական հավաքից ազատվել կամ տարկետում է ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա և այդ հանգամանքը չբացահայտելու նպատակով հրաժարվում է լրացուցիչ հետազոտում և փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:
Նրա խոսքով առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին:
Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: Դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին: Այն կքննարկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ 24-ժամյա ռեժիմով: