10 րոպեի ընթերցում
Տնտեսական և ֆինանսական վերլուծություններով հայտնի Բրյունո Կոլմանը վերջերս այցելել էր Հայաստան՝ Հայաստան-Բելգիա առևտրի պալատի (BACC) նախաձեռնությամբ։ Այդ այցը հնարավորություն տվեց նրան բացահայտելու մի երկիր, որի պատմության և ժամանակակից իրողությունների մասին մինչ այդ համեմատաբար սահմանափակ պատկերացում ուներ։
Վերադառնալով Բելգիա՝ Բրյուսելի ֆոնդային բորսայի նախկին գործադիր տնօրենը, համալսարանական դասախոսն ու բելգիական տնտեսական մտքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը հրապարակեց մեծ արձագանք գտած իր հոդվածը՝ «Հայաստան․ սահմանային երկրի ուժը» խորագրով, որտեղ խոսում է հայ ժողովրդի դիմացկունության, պատմական փորձառության և ազգային ինքնության խորության մասին։
Սակայն ֆինանսական, դրամավարկային և աշխարհաքաղաքական թեմաներից անդին, որոնցով նա հայտնի է, «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակիցը ցանկացավ զրույցը շարունակել ավելի անձնական հարթությունում։ Այս հարցազրույցում Բրյունո Կոլմանը պատմում է իր այցելության ընթացքում ապրած զգացումների, իրեն տպավորած հանդիպումների, հայկական հոգևոր ժառանգության բացահայտման, ինչպես նաև այն մարդկային դասերի մասին, որոնք քաղել է մի երկրից, որը նա բնութագրում է որպես «ռոմանտիկ»՝ բառի ամենախորը և ազնիվ իմաստով։
Գեղարդի վանքի այցելությունից մինչև պատմության փորձություններով կոփված ժողովրդի դիմադրողականության շուրջ իր մտորումները Բրյունո Կոլմանը ներկայացնում է Հայաստանի վերաբերյալ անկեղծ և երբեմն ինքնաքննադատական հայացքի ներքո. փորձառություն, որը նրան հասցրել է մի պարզ, բայց կարևոր եզրակացության՝ «Հայաստանն ինձ սովորեցրեց երջանիկ լինելու հրատապությունը»։
-Մինչև Հայաստան մեկնելը ի՞նչ պատկերացում ունեիք երկրի մասին։ Ունեի՞ք որոշակի սպասումներ, թե՞ հակառակը՝ գրեթե ոչ մի կանխակալ պատկերացում
-Չէի կարող ասել, որ շատ կանխակալ պատկերացումներ ունեի։ Իհարկե, Բելգիայում ճանաչում եմ հայերի, սակայն հենց Հայաստանի մասին իմ գիտելիքները բավական սահմանափակ էին։ Ուստի, մինչև մեկնելը փորձեցի տեղեկանալ, շատ նյութեր կարդացի, բայց պետք է խոստովանեմ, որ գրեթե պատկերացում չունեի Հայաստանի պատմության մասին։ Նույնիսկ դժվարությամբ կկարողանայի այն ճշգրիտ տեղադրել քարտեզի վրա։
Այս ճանապարհորդությունն ինձ հնարավորություն տվեց շատ բան սովորելու, և ես չափազանց տպավորվեցի այդ երկրից՝ գրեթե ռոմանտիկ իմաստով։
Մյուս կարևոր բացահայտումն այն էր, որ սկսեցի այլ կերպ ընկալել մեր՝ եվրոպացիներիս հարմարավետ իրականությունը։ Մենք Բելգիայում մեծացել ենք տարածքային, ինստիտուցիոնալ և պատմական կայունության պայմաններում, ինչը մեզ որոշ չափով հեռացրել է աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցող ցնցումներից ու փորձություններից։ Խորհրդային Միության փլուզումը մենք դիտել ենք հեռվից, Չինաստանի բացվելը՝ նույնպես հեռվից, ինչպես նաև՝ բազմաթիվ հակամարտություններն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները։
Հայաստանում ընդամենը մի քանի օր անցկացնելը բավական էր հասկանալու համար, որ աշխարհի որոշ հատվածներում անկայունությունը, փոփոխություններն ու անորոշությունը առօրյայի անբաժանելի մասն են։ Դա ինձ համար և՛ մտավոր առումով խիստ խթանող էր, և՛ խորապես հուզիչ։
-Ձեր այցի ընթացքում եղե՞լ է որևէ հանդիպում, պահ կամ փորձառություն, որը հատկապես հուզել կամ ցնցել է Ձեզ։ Ինչո՞ւ։
-Այո՛, նման պահեր եղել են։
Առաջին հերթին հիշում եմ այցը Գեղարդի վանք։ Տեղի հոգևոր մթնոլորտը և այն կրոնական կապվածությունը, որը տեսա մարդկանց մոտ, ինձ խորապես հուզեցին։
Դա ինձ ստիպեց վերաիմաստավորել մի բան, որը երկար ժամանակ հակասական էր թվում։ Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ինձ զարմացրել էր այն փաստը, որ հոգևորականները երկու կողմերում էլ օրհնում էին զինվորներին և նույնիսկ զենքերը։ Դա ինձ անհասկանալի էր թվում, քանի որ կրոնը ես միշտ կապել էի խաղաղության գաղափարի հետ։
Հայաստանում, սակայն, ես ավելի խորքային բան հասկացա։ Մի երկրում, որի պատմությունը լի է եղել պատերազմներով, տեղահանություններով, տարածքային կորուստներով և մշտական անորոշությամբ, կրոնը դառնում է դարերի միջով անցնող հենարան։ Այն կայունության աղբյուր է մի միջավայրում, որտեղ կայունությունը հաճախ բացակայում է։
Սա ինձ վրա շատ ազդեց։ Արևմտյան Եվրոպայում կրոնն այսօր հիմնականում մշակութային ինքնության տարր է՝ առավելապես աշխարհիկացված հասարակություններում։ Իսկ Հայաստանում ես զգացի շատ ավելի կենդանի, խորքային և իրական հոգևոր կյանք։
-Ի՞նչն եք ամենից շատ հավանել Հայաստանում՝ բնությո՞ւնը, մշակո՞ւյթը, պատմությո՞ւնը, մարդկա՞նց, խոհանո՞ցը, թե՞ որևէ այլ բան։
-Առանց վարանելու՝ մարդկանց։
Իհարկե, բնապատկերները հրաշալի են, սակայն այն, ինչը ինձ ամենից շատ տպավորեց, մարդիկ էին։ Ես հանդիպեցի բացառիկ խելացի և խորքային մտածողություն ունեցող մարդկանց։
Հատկապես հիշում եմ ակադեմիական աշխարհի որոշ ներկայացուցիչների, որոնց հետ հնարավորություն ունեցանք հանդիպելու։ Շատերի մոտ զգացի մի յուրահատուկ իմաստություն, որը ձևավորվել էր պատմության ընթացքում կուտակված փորձառությունների շնորհիվ։ Դա իմաստություն էր, որը կոփվել էր երկրի անցած դժվարությունների և փորձությունների մեջ։
Սա մի բան էր, որն ինձ իսկապես խորապես տպավորեց։
-Այցի ընթացքում եղե՞լ է որևէ բան, որը Ձեզ զարմացրել, մտահոգել կամ հարցականի տակ է դրել։
-Այո՛։ Պատերազմի և դրա հետևանքների անմիջական ներկայությունը։
Ես հասկացա, թե որքան քիչ տեղեկացված ենք եղել, կամ որքան թերի ենք տեղեկացված եղել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերջին տարիների ողբերգական իրադարձությունների մասին։ Մարդկային կորուստները, հոգեբանական վերքերը, բազմաթիվ ընտանիքների ապրած ցավը խորապես հուզեցին ինձ։
Ի վերջո, այս ամենը նույն իրականության մասին է խոսում՝ մի ժողովրդի, որը մեզ համար դեռևս քիչ ճանաչված է, բայց որը շատ է տառապել, շարունակում է փոփոխությունների միջով անցնել և բախվել բազմաթիվ մարտահրավերների։
Այս ճանապարհորդության ամենակարևոր դասերից մեկն ինձ համար նաև մեր՝ եվրոպացիներիս որոշակի կարճատեսության գիտակցումն էր։ Մենք հաճախ աշխարհին նայում ենք մեր կայունության պրիզմայով՝ լիովին չպատկերացնելով, թե ինչ իրականության մեջ են ապրում այլ ժողովուրդներ։
-Դուք ասում եք, որ ցանկանում եք դառնալ Հայաստանի դեսպանը։ Եթե վաղը կրկին վերադառնայիք Հայաստան, ի՞նչը կցանկանայիք ավելի խորությամբ ուսումնասիրել։
-Քանի որ ես ֆինանսների մարդ եմ, կցանկանայի ավելի խորությամբ ուսումնասիրել Հայաստանի ֆինանսական, դրամավարկային և բանկային համակարգերը։
Հայաստանը բախվում է այնպիսի հարցերի, որոնք մենք Արևմտյան Եվրոպայում հաճախ մոռացել ենք՝ ազգային արժույթի կառավարում, փոխարժեքի հետ կապված խնդիրներ, դրամավարկային կայունության ապահովում և տնտեսական դիմակայունության մեխանիզմներ։
Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ որոշ ժամանակ աշխատել հայ մասնագետների հետ, փոխանակվել փորձով և գաղափարներով։ Համոզված եմ, որ մենք շատ բան կարող ենք սովորել միմյանցից։ Ուստի, եթե վերադառնամ, կուզենամ շարունակել բացահայտել Հայաստանը՝ մնալով իմ մասնագիտական ոլորտի շրջանակում։
-Այս ճանապարհորդությունից հետո ի՞նչ սովորեցրեց Ձեզ Հայաստանը աշխարհի և ինքներդ Ձեր մասին։
-Մի շատ կարևոր բան՝ երջանիկ լինելու հրատապությունը։
Իմ հոդվածում գրել եմ, որ հայերի մոտ զգացի ապրելու հրատապության յուրահատուկ զգացում։ Ապրելու, գոյատևելու, դժվարությունները հաղթահարելու հրատապություն։ Հենց դրա համար էլ օգտագործեցի «ռոմանտիզմ» բառը։
Գուցե, առաջին հայացքից դա տարօրինակ հնչի, սակայն ես շատ մարդկանց մոտ զգացի կյանքի փխրունության շատ սուր գիտակցում։ Երբ ժողովուրդը վերապրում է պատերազմներ, հալածանքներ, տարածքային կորուստներ և պատմական անորոշություններ, նրա մոտ ձևավորվում է կյանքի նկատմամբ առանձնահատուկ ինտենսիվ վերաբերմունք։
Այդ ապրելու հրատապությունն իր հերթին ձևավորում է նաև որոշակի համարձակություն, անկեղծություն, սեփական կարծիքն ուղիղ արտահայտելու կարողություն, ինչը, թերևս, ավելի քիչ է հանդիպում Արևմտյան Եվրոպայում։
-Ի՞նչ կասեք Ձեր շրջապատին, երբ խոսեք Հայաստանի մասին։
-Կասեմ, որ Հայաստանը պետք է ուսումնասիրել։
Հայաստանի պատմությունը արժանի է ուսումնասիրման, որովհետև այն բացառիկ դաս է դիմադրողականության և գոյատևման մասին։ Այս երկիրը անցել է կայսրությունների, օկուպացիաների, ցեղասպանության, պատերազմների և բազմաթիվ պատմական ցնցումների միջով՝ պահպանելով իր ինքնությունը։
Մենք մտնում ենք մի աշխարհ, որը, ամենայն հավանականությամբ, դառնալու է ավելի անկայուն, ավելի մասնատված և ավելի բարդ։ Աշխարհաքաղաքական լարվածությունները, միգրացիոն գործընթացները և կլիմայական փոփոխությունները լրջորեն փոխելու են մեր հասարակություններին։
Այս համատեքստում չափազանց ուսանելի է հասկանալ, թե ինչպե՞ս է Հայաստանը կարողացել դարերի ընթացքում պահպանել իր ինքնությունը և գոյատևել ամենածանր փորձությունների պայմաններում։
Այս այցն ավելի ամրապնդեց իմ համոզմունքը, որ մենք՝ Եվրոպայում, շատ ավելի քիչ պատրաստված ենք ապագայի մարտահրավերներին, քան կարծում ենք։