Հայրենի բնաշխարհին մերձենալու առիթ․ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հյուրընկալվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում
4 րոպեի ընթերցում
Երևանում հոկտեմբերի 19-30-ն անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (Cop17) նախապատրաստության շրջանակում կազմակերպված մեդիա դպրոցի ծրագրին մասնակցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այս հանգստյան օրերին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ճանաչողական այց կատարեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցները լսեցին հրատապ տարբեր հարցերի վերաբերյալ մասնագետների գնահատականներն ու մեկնաբանությունները, տեղում ծանոթացան որոշ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։
COP17 մեդիա դպրոցի առաջին արտագնա այցի «տեսական» հատվածի բացումն ազդարարեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որի ելույթը նվիրված էր մասնավոր պահպանվող տարածքների դերին՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման և COP17-ի համատեքստում: Բանախոսը, մասնավորապես, մանրամասնեց, թե ինչպես են այլընտրանքային մոդելները նպաստում կենսաբազմազանության կորստի կանխմանը:
Հիմնադրամի ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանի զեկույցը նվիրված էր «Լանդշաֆտների վերականգնում և կլիմայական օրակարգ» թեմային։ Իսկ հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանն անդրադարձավ մարդու ու վայրի բնության միջև ծագող կոնֆլիկտների կառավարմանը և լուծումներին։ Բանախոսները ներկայացրեցին նաև, թե ինչպես կարելի է տեխնիկական տարբեր միջոցների կիրառմամբ (էլեկտրական հովիվներ, արևային կայաններ) մեղմել ճնշումը համայնքների վրա՝ միաժամանակ պահպանելով կենսաբազմազանությունը։
Ուսանելի և հետաքրքիր էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կենդանիների խնամքի համակարգող Նարինե Փիլոյանի զեկույցը նշված կենտրոնի գործունեության, արջերի փրկության ծրագրի և քոթոթների վերականգնողական կենտրոնի առաքելության մասին։
Անկախ լրագրող, FPWC հանրային կապերի պատասխանատու Մարիամ Տաշչյանը պատմեց վայրի կենդանիների ապօրինի առևտրի (այդ թվում՝ Հայաստանի ներգրավվածության մասին), դրա գլոբալ միտումների, տեղական մարտահրավերների և թեմայի վերաբերյալ լրագրողական հետաքննության խնդիրների մասին։
Բոլոր ելույթներն ուղեկցվում էին հարց ու պատասխանով։
Մասնակիցները նաև շրջայց կատարեցին ապաստարանում՝ ծանոթանալով պահպանության տեխնիկական հնարավորություններին, նորարարական մոնիթորինգի համակարգերի, տեսադիտարկման սարքավորումների (ֆոտոթակարդներ) և հակահրդեհային կանխարգելման մեթոդների կիրառմանը: Եղան նաև հիմնադրամի ջերմատանը, ծանոթացան տեղական բուսատեսակների աճեցման և անտառավերականգնման աշխատանքների մեթոդաբանությանը։
Հնարավորություն ընձեռվեց նաև հատուկ դիտակետերից իրականացնելու վայրի բնության (բեզոարյան այծեր, թռչուններ) դիտարկում։
Կազմակերպվեց բնության պահպանությանը նվիրված «Սոխակներից վերջինը» ամերիկյան վավերագրական ֆիլմի դիտումը։
Տարածքի բնությանը և պատմությանը ծանոթանալուն նպաստեց նաև ճանաչողական քայլարշավը 10-րդ դարում կառուցված Տափի բերդ, որը հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու ամրոց անվամբ։
COP17 մեդիա դպրոցը գործում է այս տարվա ապրիլի 17-ից։ Հայաստանի լրագրողների և խմբագիրների համար նախատեսված եռամսյա մասնագիտական ուսումնական այս ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) ֆինանսավորմամբ։