Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde

3 րոպեի ընթերցում

Բուրկինա Ֆասոյի երկրի իշխանությունները, որոնք խզել են դիվանագիտական ​​հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Փարիզին յոթ օր ժամանակ են տվել՝ սկսած հունիսի 26-ից, Ուագադուգուում դեսպանատունը փակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Monde թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ըստ թերթի տեղեկատվության՝ Ֆրանսիայի դեսպանն աֆրիկյան պետությունից հեռացել է դեռևս 2023 թ. հունվարին, և այդ ժամանակից ի վեր նրա պարտականությունները կատարել է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրա հետ դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում աշխատել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ դիվանագետներ, վարչական անձնակազմը և անվտանգության աշխատակիցները: Նրանք այդ ամբողջ ընթացքում «շարունակել են մատուցել նվազագույն ծառայություններ», նշում է թերթը:

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Բուրկինա Ֆասոյի որոշումը՝ խզելու դիվանագիտական ​​​​հարաբերությունները Ֆրանսիայի հետ, կապված է Եվրախորհրդարանի բանաձևի հետ: Խոսքը վերաբերում է «Բուրկինա Ֆասոյում քաղաքացիական տարածության և հիմնական ազատությունների ճնշումները» դատապարտող բանաձևին, որը ԵՄ օրենսդիր մարմինն ընդունել է հունիսի 18-ին: Տեքստի հեղինակը՝ ֆրանսիացի պատգամավոր և պաշտոնաթող գեներալ Քրիստոֆ Գոմարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է Բուրկինա Ֆասոյի «խունտայի դրամատիկ ձախողման» մասին: Բանաձևի շուրջ քվեարկությունից հետո հունիսի 22-ին Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարարություն են կանչել Ուագադուգուում ԵՄ ներկայացուցչին: Աֆրիկյան երկրի իշխանությունները դժգոհություն են հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ:

Հունիսի 27-ի գիշերը Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով նրան գործողությունների իրականացման մեջ, որոնք ուղղված են աֆրիկյան պետության շահերի դեմ: Իրենց հայտարարության մեջ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Փարիզին մեղադրում են նեոգաղութատիրության և Սահելի տարածաշրջանում ահաբեկչական ցանցերին աջակցության, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրված լուսաբանման համար: Այդ ֆոնին ընդգծվում է, որ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ պայմանները՝ հիմնված  փոխադարձ հարգանքի, վստահության, ներքին գործերին չմիջամտելու և ազգային ինքնիշխանության հարգանքի վրա, «այլևս գոյություն չունեն»:

Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Փարիզը հարաբերությունների խզման մասին Բուրկինա Ֆասոյի որոշումից հետո դիտարկում է հնարավոր պատասխան միջոցների հարցը:

Հայերեն Русский