Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան
4 րոպեի ընթերցում
Եվրասիական տնտեսական միության հիմքում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսքի սկզբունքներն են, և եթե այդ ազատ հոսքը չի գործում, ապա հարց է առաջանում ԵԱՏՄ-ի գոյության վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը վարչապետից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում այնպիսի սառեցում տեղի ունենա, ինչպիսին եղավ ՀԱՊԿ-ի պարագայում։
Փաշինյանը նշեց, որ Կառավարության նիստում արդեն պատասխանել է այդ հարցին՝ առանց հարցը լսելու։
«ԵԱՏՄ-ն չորս սկզբունք ունի՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ եթե խնդիրն ունի ժամանակավոր բնույթ, դա կարելի է հասկանալ, սակայն երկար շարունակվելու դեպքում այն արդեն այլ նշանակություն է ստանալու։
«Լավ, կարող է մեկ ամիս խնդիր լինի, երկու ամիս խնդիր լինի, երեք ամիս խնդիր լինի, բայց չորրորդ ամսում, եթե խնդիրը դեռ կա, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չկա։ Եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ի՞նչ անենք»,- նշեց Փաշինյանը։
Կառավարության նիստում վարչապետն ավելի վաղ անդրադարձել էր Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման, ինչպես նաև ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՏՄ ձևաչափում և չի առաջնորդվում այն կանխավարկածով, թե ԵԱՏՄ շուկայում անշրջելի բան է տեղի ունեցել։
Վարչապետը շեշտել էր, որ ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։
Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է լուրջ անհանգստություն առաջացնել ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում, քանի որ նրանք նույնպես կարող են դա դիտարկել որպես իրենց առջև կանգնած ռիսկ։
Վարչապետը նաև նշել էր, որ առաջիկա առիթով պատրաստվում է ԵԱՏՄ գործընկերների հետ բացել այդ քննարկումը։ Նրա խոսքով՝ ինքը հարցեր ունի նաև այն հայտարարության վերաբերյալ, որը Հայաստանի մասով ընդունվել էր իր բացակայությամբ։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում, ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները հայտարարություն էին ընդունել՝ Հայաստանին կոչ անելով հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր մտցրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման, այդ թվում՝ իր տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանվող հայկական ապրանքների նկատմամբ։ ՌԴ-ի կողմից այդ օրերին կիրառված սահմանափակումները շարունակվում են մինչ օրս։ Հայաստանի կառավարությունն այդ պայմաններում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում՝ միաժամանակ նաև տնտեսվարողներին աջակցելու տարբեր ծրագրեր ընդունելով։