Աշխարհ

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից շենքեր են փլուզվել. կան տասնյակ զոհեր

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից շենքեր են փլուզվել. կան տասնյակ զոհեր

Վենեսուելայում իրար հաջորդող երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, առաջինը՝ 7,2, երկրորդը, որը տեղի է ունեցել գրեթե մեկ րոպե անց, 7,5 մագնիտուդով։ Երկրաշարժերին հաջորդել է ավելի քան 20 հետցնցում։ Մայրաքաղաք Կարակասում բարձրահարկ շենքեր են փլուզվել։ Կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ առնվազն 32 մարդ է զոհվել, 700 մարդ՝ վիրավորվել։ Փրկարարները որոնում են փլատակներում մնացածներին։ Ռոդրիգեսն արտակարգ դրություն է հայտարարել։

Ցնցումները գրանցվել են Կարակասից արևմուտք և զգացվել են ամբողջ երկրում, նույնիսկ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։

Կարակասի արվարձաններում գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակվել է ցնցումների առաջացրած լուրջ վնասի պատճառով, մետրոյի աշխատանքը կասեցվել է։

Վնասի աստիճանը դեռ պարզ չէ։

Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ նախագահն աջակցություն են առաջարկել Վենեսուելային։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բոլոր գործակալություններին հրահանգել է պատրաստ լինել։

Արտաքին աջակցության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտնել է, որ Վաշինգտոնը որոնողափրկարարական թիմեր, բժշկական և հումանիտար պարագաներ կուղարկի Վենեսուելա։

Էլ Սալվադորի նախագահը հայտնել է, որ 50 տոննա սարքավորումներ և պարագաներ են նախապատրաստվել Վենեսուելայի համար։ Բացի այդ, 300 փրկարար պատրաստ է մեկնման։

Էկվադորը նույնպես օգնություն է նախապատրաստել, Բրազիլիայի նախագահն էլ հայտնել է, որ կգնահատի, թե ինչ օգնություն է անհրաժեշտ և կաջակցի իր «քույր ժողովրդին»։ Մեքսիկան նույնպես օգնություն է առաջարկել։   

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում