Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները
5 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված օրենսդրական փոփոխությունների փաթեթով սահմանված նոր կարգավորումների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում ներկայացվեցին հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի, ինչպես նաև պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանի պարզաբանմամբ՝ հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի, ինչպես նաև միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները մի շարք իրավահարաբերություններ են կարգավորում։

«Այս փաթեթով կարգավորվել են ոչ պատշաճ որակի ապրանքների համապատասխանության գնահատման հարցը և անհամապատասխան ապրանքների նկատմամբ հետագա իրավական հետևանքները։ Հաջորդ իրավահարաբերությունները, որ կարգավորվել են, վերաբերում են մոլորեցնող և համեմատական գովազդին, իսկ մյուս խումբ իրավահարաբերությունները՝ միացման պայմանագրերում անարդար պայմաններին և չորրորդ խումբը վերաբերում է հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերին»,-մանրամասնեց Սարգսյանը։
Ըստ նրա՝ միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ կարգավորումներն իրենց բնույթով նոր են, որովհետև օրենսդրությունում նախկինում այդ եզրույթը չէր օգտագործվում։
«Միացման պայմանագրի դրույթներն ինքնին կարող են լինել օրենքին չհակասող, բայց դրանք իրենց բնույթով խախտում են սպառողի և տնտեսավարող սուբյեկտի միջև հավասարակշռությունը։
Այս կարգավորումները միտված են հենց այս հավասարակշռությունը վերականգնելուն, երբ դրանք խախտվում են միացման պայմանագրերում։ Բոլոր այն դեպքերում, երբ սպառողը գնում է պայմանագիր կնքելու և չի բանակցում դրա պայմանների վերաբերյալ, տնտեսավարողի հետ չեն որոշում դրա պայմանները փոխշահավետ հիմունքների վրա, այլև արդեն կա ստանդարտ պայմանագրի ձև ու սպառողն արդեն իր համաձայնությունն է հայտնում այդ պայմանագրին միանալով կամ չմիանալով, չի մտնում պայմանագրային իրավահարաբերությունների մեջ»,-ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամը։
Խոսքը վերաբերում է տիպային, ստանդարտ պայմանագրերին, որոնք առօրյայում հանդիպում են, օրինակ՝ տելեկոմ, բանկային ոլորտներում և այլն։
Որպես միացման պայմանագրերում անարդար պայմանի օրինակներ՝ Սարգսյանը նշեց տնտեսավարող սուբյեկտի կողմից այնպիսի պայմանի ներառումը, որով սպառողը հրաժարվում է որևէ ձևով պայմանագրի չկատարման համար իրենից փոխհատուցում պահանջելուց կամ դատական պաշտպանության իրավունքներից կամ պայմանագրի պայմանների միակողմանի փոփոխումը, դրա ավտոմատ երկարաձգումը, եթե սպառողը չի առարկում՝ այն դեպքում, երբ նրան ողջամիտ ժամկետ չի տրամադրվել պայմանագիրը լուծելու համար։
«Անարդար պայմաններն ի սկզբանե համարվում են առոչինչ։ Այդպիսի պայմանները կողմերի համար չպետք է առաջացնեն իրավական հետևանքներ հենց նախատեսման պահից ի վեր»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ չեն կարող պայմանագրում ներառվել այնպիսի պայմաններ, որոնք միայն ի նպաստ տնտեսավարող սուբյեկտի են, օրինակ՝ եթե նրա կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար որևէ պատասխանատվություն նախատեսված չէ՝ ի տարբերություն սպառողի։ Նման իրավիճակը ևս համարվում է հավասարակշռության խախտում և կարող է դիտարկվել անարդար պայմանների նախատեսման տրամաբանությամբ։
Հանձնաժողովի անդամը շեշտեց, որ անարդար պայմանների նախատեսումը համարվում է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, որի համար նախատեսված է նախազգուշացում կամ տուգանք՝ հանձնաժողովի սահմանած համապատասխան մեթոդաբանությամբ։
Կարևոր է ընդգծել, որ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումներն իրենց բնույթով հանրային շահի խախտմանն ուղղված իրավախախտումներ են։ Այսինքն՝ օրենքում բնորոշված է նաև, որ սպառողների անորոշ շրջանակի կամ որոշակի խումբ սպառողների դեմ ուղղված խախտումները որակվում են որպես սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ Քրիստինե Գևորգյանը կարևորեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպված քննարկումը՝ համոզմունք հայտնելով, որ օրենքի փաթեթի կիրառման անցումային շրջանը սահուն կերպով հնարավոր կլինի հաղթահարել համագործակցության միջոցով։