Տնտեսություն

«Հյուրանոցային գործ» ծրագիրը հավաստագրվել է «City of Oxford College»-ի կողմից

6 րոպեի ընթերցում

«Հյուրանոցային գործ» ծրագիրը հավաստագրվել է «City of Oxford College»-ի կողմից

Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի «Հյուրանոցային գործ» ծրագիրը հավաստագրվել է հեղինակավոր Activate Learning, «City of Oxford College»-ի կողմից։

Հանդիսանալով Հայաստանում հյուրընկալության ոլորտում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական ուսուցում տրամադրող առաջին հաստատությունը՝ 2025 թվականից ակադեմիան մեկնարկել է «Հյուրանոցային գործ» լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող գործնական դասընթացը։ Հայաստանում հյուրանոցային ոլորտում նման ձևաչափով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ, տեսական և գործնական հարուստ բաղադրիչներով դասընթացն անցկացվում է առաջին անգամ՝ պատրաստելով մրցունակ և պահանջված մասնագետներ Երևանի և մարզերի հյուրանոցների և հյուրատների համար։

Այսօր արդեն դասընթացը միջազգայնորեն հավատարմագրված է։

«Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի համար կրթությունը միշտ եղել է ոչ միայն գիտելիքի փոխանցման գործընթաց, այլև պատասխանատվություն ոլորտի ապագայի զարգացման նկատմամբ։ Այս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք կրթական միջավայր, որտեղ ձևավորվում են մասնագիտական խորը գիտելիքներ և կարողություններ ունեցող մասնագետներ՝ մարդիկ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են Հայաստանում հյուրընկալության մշակույթի զարգացմանը։ Այս ճանապարհին արդեն երկար տարիներ մեզ ուղեկցում է մեր գործընկերը՝ Activate Learning, «City of Oxford College»-ը։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների՝ կրթության բարձր չափանիշների, միջազգային փորձի փոխանակման և շարունակական կրթության գաղափարի վրա։ Այսօր ուրախ ենք փաստել, որ մեր համագործակցությունն ընդլայնվում է նաև հյուրանոցային կրթության ուղղությամբ՝ նոր հնարավորություններ ստեղծելով հյուրընկալության ոլորտի այս կարևոր ճյուղի զարգացման և առաջընթացի համար»,- նշում է Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։ Նա ընդգծում է նաև, որ «Հյուրանոցային գործ» լրացուցիչ կրթական ծրագիրն առանձնանում է իր բովանդակությամբ և ձևաչափով, քանի որ համադրում է միջազգային փորձը, ժամանակակից տեսական գիտելիքներն ու ինտենսիվ գործնական ուսուցումը՝ նպաստելով նոր սերնդի մասնագետների ձևավորմանը, որոնք պատրաստ են դիմակայելու ոլորտի ժամանակակից մարտահրավերներին։ Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը այս ձեռքբերումը կարևորում է նաև Հայաստանում հյուրընկալության ոլորտի զարգացման համատեքստում։

Activate Learning, City of Oxford College-ի Կրթական ծրագրերի իրականացման տնօրեն Սայմոն Ռոզամի խոսքով՝ այս հավաստագրումը պարզապես փաստաթուղթ չէ, այլ որակի, հավաստիության և հնարավորությունների նկատմամբ համատեղ պարտավորության դրսևորում։

Մեծ գոհունակությամբ կարող եմ արձանագրել Երեմյան ակադեմիայի կողմից իրականացվող «Հյուրանոցային գործ» ծրագրի հավաստագրումը (վալիդացիան)։ Այս համաձայնագիրը զուտ փաստաթուղթ չէ, այլ որակի, հավաստիության և հնարավորությունների նկատմամբ համատեղ պարտավորության դրսևորում։ Ծրագրի հավաստագրումը ճանաչում է ձևավորված աշխատանքի ուժեղ կողմերը և հստակ սահմանում է ուսումնական ծրագրի, գնահատման մեթոդների, դասավանդման ու գործնական կիրառության նկատմամբ պահանջները։ Երեմյան ակադեմիան և Activate Learning, «City of Oxford College»-ը միասին վերահաստատում են իրենց պարտավորությունը՝ շարունակաբար պահպանելու այս չափանիշները ծրագրին միացող յուրաքանչյուր ուսանողի համար»,- իր խոսքում նշում է Սայմոն Ռոզամը։

Հիշեցնենք, որ «Հյուրանոցային գործ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է գործատուների համար՝ ապահովելու իրենց աշխատակիցների մասնագիտական աճը և զարգացումը՝ ճկուն և գործնական դասընթացների միջոցով։ Դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով տվյալ հյուրանոցի կամ հյուրատան առանձնահատկությունները, իրականացված ուսուցման կարիքների գնահատումը, ինչպես նաև գործատուի կողմից ներկայացված ցանկալի վերջնարդյունքը։ Դասընթացները նախատեսված են հյուրանոցային ոլորտի աշխատակիցների, նորավարտ մասնագետների, ուսանողների և ոլորտում գործունեություն սկսելու մտադրություն ունեցող անձանց համար։ Դրանք կբացեն կարիերայի աճի, մասնագիտական զարգացման և ոլորտ հիմնարար գիտելիքներով մուտք գործելու նոր հնարավորություններ։

Դասընթացը ներառում է շուրջ 30 թեմա՝ հյուրընկալության պատմությունից մինչև հյուրանոցային գործի կազմակերպում, սպասարկման մշակույթ, ֆինանսների կառավարում, օտար լեզուներ և այլն։

Ակադեմիայի 2700-ից ավելի շրջանավարտների հաջողության պատմություններն ամբողջ Հայաստանում և արտերկրում փաստում են, որ ակադեմիայում կրթությունը մրցակցային առավելություն է ոլորտում կարիերայի աճի համար։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Երեմյան ակադեմիայի հետ՝ զանգահարելով 012 405060 կամ 043 588000 (WhatsApp) հեռախոսահամարներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում