Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 րոպեի ընթերցում

Իսրայելի և Լիբանանի միջև հունիսի 23-ին մեկնարկած բանակցություններում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող առաջարկը, որի համաձայն իսրայելական ուժերը պետք է լիբանանյան զինվորականներին հանձնեն «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ժամանակ գրավված տարածքների մի մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։
Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ լիբանանյան զորքերը կանցնեն ԱՄՆ-ի կողմից իրականացվող ուսուցում և ստուգում՝ համոզվելու, որ նրանք կապված չեն Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ի հետ, մինչդեռ Իսրայելը կպահպանի ռազմական ներկայությունը սահմանի երկայնքով գտնվող բուֆերային գոտում։
Լիբանանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հունիսի 24-ին տեղի կունենան ռազմական թեմայով հատուկ քննարկումներ, այդ թվում՝ այն տարածքների վերաբերյալ, որոնք պետք է անցնեն Լիբանանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Լիբանանցի պաշտոնյան ասել է, որ քննարկումները կկենտրոնանան իսրայելական ուժերի դուրսբերման ժամանակացույցի վրա, և որ ցանկացած ծրագիր հայտնի կդառնա միայն հունիսի 25-ին՝ բանակցությունների վերջին օրվանից հետո։
Լիբանանը ներքաշվել էր Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Հունիսի 21-ից ի վեր հրադադարը մեծ մասամբ պահպանվել է՝ չնայած իսրայելական ուժերը շարունակում են մնալ հարավային Լիբանանի խորքերում, որտեղ նրանք գրավել են, այսպես կոչված, «անվտանգության գոտի»՝ նշելով, որ դա իրենց անհրաժեշտ է հյուսիսային Իսրայելը «Հեզբոլլահ»-ի հարձակումներից պաշտպանելու համար։
Իրանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը պահանջում է, որ երկու երկրները և նրանց դաշնակիցները հայտարարեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և ապահովեն Լիբանանի «տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։