Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է․ ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ՝ ընդգծելով փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանը նշել է, որ հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է լինի պաշտպանված և անվտանգ։

«Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ վերահաստատելու իրենց հանձնառությունը փախստականների իրավունքների պաշտպանության գործում»,- նշել է Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են զրկված լինել անվտանգ կենսագործունեություն ունենալու հնարավորությունից՝ պատերազմների, զինված հակամարտությունների, հետապնդումների և բռնությունների հետևանքով։

Նրա խոսքով՝ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը ոլորտում իրականացնում է մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, պատրաստում զեկույցներ, համագործակցում միջազգային և ազգային գործընկերների հետ, ինչպես նաև իրականացնում իրազեկման միջոցառումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև վերջերս իր նախաձեռնությամբ ձևավորված՝ ՄԻՊ առընթեր Ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը։

Նրա գնահատմամբ՝ խորհուրդը կարևոր հարթակ է խնդիրների համատեղ քննարկման, լուծումների մշակման և շահառուների ձայնն առավել լսելի դարձնելու համար։

Մանասյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման առումով։

«Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունն այն գաղափարին, որ յուրաքանչյուր փախստական, ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններով»,- ընդգծել է ՄԻՊ-ը։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով։

Նա շեշտել է, որ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր դերակատարները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն այն աշխարհի, որտեղ ոչ ոք չի մնա անտեսված, իսկ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները կլինեն պաշտպանված։

Հայերեն English

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ