Իրավունք

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է․ ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ՝ ընդգծելով փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանը նշել է, որ հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է լինի պաշտպանված և անվտանգ։

«Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ վերահաստատելու իրենց հանձնառությունը փախստականների իրավունքների պաշտպանության գործում»,- նշել է Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են զրկված լինել անվտանգ կենսագործունեություն ունենալու հնարավորությունից՝ պատերազմների, զինված հակամարտությունների, հետապնդումների և բռնությունների հետևանքով։

Նրա խոսքով՝ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը ոլորտում իրականացնում է մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, պատրաստում զեկույցներ, համագործակցում միջազգային և ազգային գործընկերների հետ, ինչպես նաև իրականացնում իրազեկման միջոցառումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև վերջերս իր նախաձեռնությամբ ձևավորված՝ ՄԻՊ առընթեր Ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը։

Նրա գնահատմամբ՝ խորհուրդը կարևոր հարթակ է խնդիրների համատեղ քննարկման, լուծումների մշակման և շահառուների ձայնն առավել լսելի դարձնելու համար։

Մանասյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման առումով։

«Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունն այն գաղափարին, որ յուրաքանչյուր փախստական, ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններով»,- ընդգծել է ՄԻՊ-ը։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով։

Նա շեշտել է, որ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր դերակատարները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն այն աշխարհի, որտեղ ոչ ոք չի մնա անտեսված, իսկ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները կլինեն պաշտպանված։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում