ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝  վերակառուցվել է դպրոցի՝  երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շինարարական աշխատանքների համար Կառավարությունը  հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ: Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։

Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։ Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։

Վարչապետը դպրոցաշինության ծրագրերում ընդգծել է ամեն անգամ մի նոր բաղադրիչի ավելացումը.

«Դա շատ կարևոր է, որպեսզի դպրոցաշինությունը  Հայաստանի Հանրապետությունում զարգացնենք, որովհետև շինարարությունը՝ շինարարություն, բայց ինքն էլ շերտեր ունի, և դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունն առանձնահատուկ ուղղություններ են»։

Այդ համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայության կարևորությունը և նշել, որ այդ հարցում կհամագործակցեն քաղաքապետարանի գործընկերների հետ։ Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ որակի փոփոխությունը շատ էական է և կարևոր, ինչը սկզբունքային հարց է։

Վարչապետը նշել է, որ  երկու տարի առաջ սկսել են անդրադառնալ այդ հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը.

«Պետության քաղաքական ռազմավարությունները երբեմն ոչ միայն  չեն արտահայտվում արվեստի, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության և իրավունքի իրականության հետ։ Սա նույնպես պրոբլեմ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Այստեղ էլ է պետք  հասկանալ, որ մեզ պետք է ժամանակ, համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ, այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար»։

Շնորհակալություն հայտնելով դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է  կրթությունը բարելավելու  կարևորությունն ու անհրաժեշտությունը։

«Առիթ ունեցել եմ ասելու՝ չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝  յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի։ Մենք պետք է սա դարձնենք կենսակերպ, ապրելակերպ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, որովհետև դա է պետության զարգացման գրավականը»,- ասել է երկրի ղեկավարը։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն թողարկող և հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող բոլոր մարդկանցից։

«Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել դպրոցաշինության ծրագրի բոլոր մասնակիցներին։

Հայերեն English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ