ՍԴ-ն հայտնել է, թե ինչ ժամկետներում որոշում կընդունի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը կքննի և որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանը։  

«2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո»։  

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին հայտնել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան։

«Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս հայտնել են, որ հունիսի 19-ին դիմում կներկանացնեն Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ 

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հայերեն English Русский