Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը Լիբանանի հարավի մի շարք շրջաններում հարվածներ է հասցրել և շարունակել է թիրախավորել արմատական «Հեզբոլլահ» շարժման զինյալներին ու ենթակառուցվածքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Israel պարբերականը։
Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել են, որ Լիբանանում այս գործողություններն իրականացվել են «Իրանի աջակցությունը վայելող խմբավորման կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներին ի պատասխան»։
Միևնույն ժամանակ, Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Ներկայացված տվյալներում չի տարբերակվում, թե զոհվածներից քանիսն են քաղաքացիական անձինք և քանիսը՝ զինյալներ։ Գործակալությունը գիշերային ռմբակոծությունը բնութագրել է որպես Իսրայելի կողմից իրականացված ամենաինտենսիվ հարձակումներից մեկը։ Նշվում է, որ թիրախավորվել են բազմաթիվ բնակելի տներ։
Նշենք, որ օրերս ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված խաղաղության շուրջ համաձայնության շրջանակում պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ պետք է դադարեցվեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները նաև Լիբանանի տարածքում։