Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստանի քաղաքացին խորհրդարանական ընտրություններում իր կամքն արտահայտելու հնարավորություն է ունեցել։ Ընտրությունների արդյունքները, մասնավորապես ՔՊ-ի արձանագրած արդյունքները, անխոցելիորեն լեգիտիմի են, և ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը»,-ասել է Փաշինյանը։
Հարցին, թե արդյոք դրանք լեգիտիմ չեն ընդդիմադիր քաղաքական ուժերի արձանագրած արդյունքների մասով, Փաշինյանն ասել է.
«Ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու քրեական գործեր և ձայնագրություններ կան հրապարակված»։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն և կձևավորի կառավարություն, ինչպես նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։